2024 թ. օգոստոսի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա տղամարդ։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32-ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32-ամյա տղամարդու ծանոթների միջև։ Այնուհետև, հիշյալ ծանոթներից մեկի կանչով, մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26-ամյա բնակիչը, ով տեղյակ լինելով, որ գնում է վիճաբանության վայր, իր մերձավորին նեղացնողներին զենքով պատժելու վճռականությամբ, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ ընդգծելու նպատակով, սկսել է վիճաբանել 32-ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։
Վիճաբանության ընթացքում 26-ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32-ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26-ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից: Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32-ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։
The post Սպանության փորձ Փոքր Վեդիում․ 26-ամյա երիտասարդի նկատմամբ հետախուզում է հայտարարվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.