Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի ներքին գործերի նախարար Միխայել Շտյուբգենը հանդես է եկել Եվրամիության բոլոր սահմաններին Հունգարիայի հետ վերահսկողություն սահմանելու օգտին՝ ռուսներին և բելառուսներին երկարաժամկետ վիզաների պարզեցված ծրագրում ընդգրկելու Բուդապեշտի որոշման պատճառով:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Միխայել Շտյուբգենն այս մասին ասել է Bild am Sonntag թերթին:
«Եվրոպական պայմանագրերը թույլ են տալիս սահմանային հսկողություն իրականացնել բացառիկ իրավիճակներում: Ինչպես մենք անում ենք Լեհաստանի և Չեխիայի հետ, նույնը պետք է անեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Խորվաթիան, Սլովակիան և Ռումինիան: Անընդունելի է, որ ԵՄ պետությունը թույլ տա ռուսներին երկիր մուտք գործել»,- հայտարարել է նա:
Ինչպես նշում է հրատարակությունը, սա Գերմանիայում առաջին քաղաքական գործիչն է, ով կոչ է անում Հունգարիայի հետ սահմանային հսկողություն մտցնել։
Ինչպես նշում է աղբյուրը՝ իր հերթին Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելին ուղղված նամակում կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել Հունգարիայի դեմ։
Նրա պնդմամբ՝ Ռուսաստանից ԵՄ առանց ստուգման մուտքի թույլտվությունը լրջորեն վտանգում է Եվրոպայի անվտանգությունը:
«Կառավարությունների ղեկավարները հաջորդ գագաթնաժողովում պետք է հստակեցնեն այս հարցը, հետևանքներ պետք է լինեն»,- ընդգծել է Վեբերը։