Հազարավոր թեհրանցիներ հինգշաբթի առավոտյան դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին վերջին հրաժեշտի արարողությանը, հայտնում է Mehr գործակալությունը:
Արարողությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Թեհրանի համալսարանում քաղաքացիների և պաշտոնատար անձանց ներկայությամբ։
Մասնակիցները Հանիեի սպանությունը դատապարտել են որպես ահաբեկչական գործողություն և հայտարարել, որ տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության ինքնիշխանության խախտում:
Նրանք կարգախոսներ են վանկարկել ընդդեմ Իսրայելի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, և պահանջել են վճռական պատասխան տալ մեղավորներին:
Ինչպես հավելում է ՏԱՍՍ-ը, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Թեհրանում սպանված շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին Դոհայում։ Պաշտոնական հայտարարության տեքստը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի Telegram ալիքում։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարությանը, Հանիեն սպանվել է իր բնակության վայրի վրա հարձակման ժամանակ։
«Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նահատակվել է Թեհրանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է նաև Հանիեի թիկնապահներից մեկը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը՝ կատարվածի համար մեղադրելով Իսրայելին։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիեն մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: