«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիենի սպանությունը Թեհրանում, որը հաջորդեց Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, ըստ ձեզ՝ պատահակա՞ն էր, և Իրանում այս մասով ի՞նչ մեկնաբանություններ արդեն կան։
– Սպանությունը տեղի է ունեցել գիշերը, ու այս առումով դեռևս շատ մանրամասներ չեն հայտարարվել, միայն հայտնի է, որ սպանությունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին, ու եղել է օդային հարձակում, բայց այլ մանրամասներ դեռևս չկան, կարծում եմ, օրվա ընթացքում վերջնական կհայտարարվեն։
Հիմնական արձագանքը, որ եղել է Իրանի կողմից, այն է, որ այս սպանությունը չի շեղելու դիմադրության ու Պաղեստինի ժողովրդի հիմնական երազանքի ուղուց, Իրանի աջակցությունը Պաղեստինին որևէ կերպ չի փոխվելու, նաև հենց նախագահի շուրթերով խոստացել են, որ Իրանն այնպես կանի, որ Իսրայելը կզղջա իր այս արարքի համար։
Թե ինչ գործողության կգնա Իրանը, դժվար է ասել, ամեն դեպքում սպանությունը կատարվել է Իրանի տարածքում, ու կախված սպանության իրագործման եղանակից՝ ավելի հստակ կլինի Իրանի արձագանքը։ Եթե, օրինակ՝ Իրանի ներսում գործակալների միջոցով է դա արվել, ապա դրան այլ արձագանք կտրվի, եթե ինչ-որ հրթիռային հարձակում է եղել այլ երկրի տարածքից, դրան այլ արձագանք կհաջորդի։
Ամեն դեպքում, որոշակի ռեակցիա կհաջորդի, հաշվի առնելով, որ նման բարձրաստիճան պաշտոնյայի սպանությունը եղել է հենց Թեհրանում, իսկ թե ինչո՛ւ նախագահի երդմնակալության արարողությունից հետո՝ պարզապես սա զուտ հարմար առիթ էր։
– Այս սպանությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ տարածաշրջանում, թե՛ նաև Մերձավոր Արևելքում։
– Կարծում եմ՝ կախված է նրանից, թե ինչ պատասխան կհաջորդի թե՛ Իրանի, թե՛ մյուս ուժերի կողմից։ Եթե պատասխանը լինի նորից սիմվոլիկ բնույթի, ապա չեմ կարծում, թե դա պատճառ կդառնա, որ իրավիճակն ավելի խորանա։ Բայց ձևավորվել է մի իրավիճակ, երբ տարբեր օջախներում այդ լարվածությունը սրվում է․ այժմ Լիբանանում է իրավիճակը լարված ու ամեն պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից: Այս պահին դեռ, կարծես, տեսանելի չէ, թե ինչպիսի արձագանքներ կլինեն նույն Իրանի կողմից՝ կսահմանափակվեն հայտարարություններով, թե՞ հետագայում պրոքսի ուժերի միջոցով Իսրայելի դեմ գործողություններ ձեռնարկելով։ Ամեն ինչ Իրանի արձագանքից է կախված։
– Տիկի՛ն Վարդանյան, գալով մեր տարածաշրջան, երեկ Իրանում էր Նիկոլ Փաշինյանը, տեղի ունեցան տարբեր հանդիպումներ, ինչպե՞ս եք այդ հանդիպումները գնահատում, և ի՞նչն է պատճառը, որ հայկական կողմի տարածած հաղորդագրությունում «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության մասին Իրանի դիրքորոշումը արտահայտված չէր՝ ի տարբերություն իրանական կողմի։
– Միշտ էլ իրանական ու հայկական կողմերը տարբեր հայտարարություններ են տարածել հանդիպումներից, ընդ որում՝ ցանկացած տեսակի հանդիպումից, այս անգամ ևս բացառություն չէր։ Իրանական կողմի հաղորդագրությունում հիմնականում շեշտվել էին այն հայտարարությունները, որոնք արել էր հատկապես Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեին ու հատկապես Իրանի համար խնդրահարույց ու մտահոգություն ներկայացնող թեմաները՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք», օտարների ներկայություն տարածաշրջանում և այլն։
Իրանը մշտապես շեշտադրել է սրանք, իսկ հայկական կողմի հայտարարություններում դրանք կա՛մ թափանցիկ են եղել, կա՛մ այլ բնութագրումներով է անդրադարձ եղել, հետևաբար ինձ համար զարմանալի չէ, որ այս անգամ էլ են հաղորդագրությունները տարբերվում։
Ինչ վերաբերում է բուն հայտարարություններին, մենք նորից տեսանք, որ իրանական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ այն էլ ամենաբարձր մակարդակով, ինչը հերթական անգամ ցույց է տալիս, որ կապ չունի, թե ով է Իրանում նախագահը, միջանցքի հարցի դիրքորոշումը Իրանում պետական դիրքորոշում է ու բխում է երկրի շահերից ու հաստատված է ամենաբարձր մակարդակով, հետևաբար նոր նախագահի փոփոխությունը այդ հարցում փոփոխություններ չի բերելու։
Այս առումով Իրանի համար նաև մտահոգիչ է օտար ուժերի հարցը, տվյալ դեպքում, մեծ հավանականությամբ, Իրանը նկատի ունի Արևմուտքին և ԱՄՆ-ին, հաշվի առնելով նաև վերջին շրջանում հայ-ամերիկյան, հայ-եվրոպական շփումների ակտիվությունը: Այս մտահոգությունները Իրանը բարձրաձայնում է, ինչը նախկինում ևս եղել է։
– Նկատի ունենալով, որ հայկական կողմը ամենևին էլ դեմ չէ «օտար ուժերի» ներկայությանը, հայ-իրանական հարաբերություններում լարվածություն կարո՞ղ ենք տեսնել, թե՞ ոչ։
– Չեմ կարող բացառել, ամեն ինչ կախված է նրանից, թե իրականում Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ այդ հարաբերությունները ինչպես կազդեն հայ-իրանական հարաբերությունների վրա: Եթե հայկական կողմին հաջողվի այդ հարաբերությունները բալանսավորել ու այնպես անել, որ դրանք որևէ կերպ չազդեն հայ-իրանական հարաբերությունների վրա, ապա երկու երկրի հարաբերությունները կշարունակվեն նույն հունով։ Իրանական կողմի մտահոգությունն էլ է հենց դա, որ այդ հարաբերությունները չազդեն իրենց ու Հայաստանի հարաբերությունների վրա։
– Տիկի՛ն Վարդանյան, հաշվի առնելով, որ Իրանը հստակ դիրքորոշում ունի «Զանգեզուրի միջանցքի» հարցում, եթե, օրինակ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը որոշի ուժով բացել այն, ապա կարո՞ղ ենք ասել, որ իրանական կողմը գործնական միջամտություն ցույց կտա։
– Իրականում չեմ կարող հստակ ասել, այդ մասին թերևս միայն Իրանի բարձրաստիճան ղեկավարությունը գիտի, բայց եթե մենք խոսում ենք միջամտության մասին՝ պետք է հասկանանք, թե դա ինչպե՞ս է տեղի ունենալու․ արդյոք հայկական կողմի խնդրանքով, ցանկությամբ, թե՞ պարզապես Իրանի ցանկությամբ։
Սրանք բոլորովին այլ են, ու կախված դրանից էլ այլ է լինելու միջամտությունը։ Գուցե Իրանը պարզապես փորձի կանխել դա, ինչը մինչև հիմա փորձել է, այսինքն՝ Իրանի քաղաքականությունը բոլոր դեպքերում զսպման քաղաքականություն է, նախազգուշացնող։ Հետևաբար առաջնային շեշտը հենց սրա վրա է դրված, իսկ թե ուժի կիրառման պարագայում ի՛նչ դիրքորոշում կունենան, ես չեմ կարող հստակ պատասխանել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Հենց նախագահի շուրթերով խոստացել են, որ Իրանն այնպես կանի, որ Իսրայելը կզղջա իր այս արարքի համար. Ժաննա Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.