Քրեական ենթամշակույթի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկին ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով), մյուս երկուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելը կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 319-րդ և 321-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշները` պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով): Վերջիններիցս մեկը ձերբակալվել է։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանւը:
Նա տեղեկացրեց, որ մյուսներին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրված։
«Վարույթի շրջանակներում, ակտիվ ապացուցողական և վարութային գործողությունները շարունակվում են, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ, առանձին հասցեներում և օբյեկտներում կատարվում են խուզարկություններ»,- ասաց Աբրահամյանը:
Tert.am-ի տեղեկություններով քրեական հետապնդում հարուցված անձանցից մեկը քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանն է (Նորատուսցի Ալիկը): Մեր տեղեկություններով նա այս պահին Հայաստանում չէ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 17-ին սպանության փորձ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտում կրակոցներ էին հնչել։
Այնուհետև հրազենային վնասվածքներով «Սևան» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ 39-ամյա Արսեն Աֆիյանը, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Էդգար Աֆյանը և Գեղարքունիքի մարզի բնակիչ 56-ամյա Աղասի Ալոյանը։ Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից Արսեն Աֆիյանը գիտակցության չգալով մահացել է։
Հայտնել էինք նաև, որ Սևանի ավագանու «Սարգիս Մուրադյան» դաշինքի անդամ Արսեն Աֆիյանի մահվան գործով կալանավորվել էր 2 անձ: Կալանավորվածներից մեկը Լյովա Բանդուրյանն էր «Նորատուսցի Ալիկի» եղբորորդին: