2024 թվականի երկրորդ եռամսյակը հետհեղափոխական Հայաստանում աննախադեպ էր լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ կիրառված ֆիզիկական բռնությունների առումով։
Չնայած, որ վերջին տարիներին ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները, որպես կանոն, ուղեկցվել են ոչ միայն ոստիկանության և ցուցարարների միջև ընդհարումներով, այլ նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների բազմաթիվ խախտումներով, սակայն դիտարկվող ժամանակահատվածում դրանք հասել են պիկի։ Մասնավորապես՝ գրանցվել է ընդդեմ լրագրողների և օպերատորների 14 ֆիզիկական բռնության դեպք, որոնց մեծ մասը՝ 11-ը, ուժային կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է։ Արձանագրվել է նաև տարատեսակ այլ ճնշումների՝ վիրավորանքների, սպառնալիքների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների 9 դեպք։ Ավելացել է ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական գործերի հոսքը․ ապրիլ-հունիս ամիսներին ներկայացվել է այդպիսի 17 նոր հայց, իսկ նախորդ եռամսյակում դրանց թիվը 12 էր։ Պետական մարմիններից պաշտոնական տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների քանակը կազմել է 19։
2024թ․երկրորդ եռամսյակը համընկավ ՀՀ Տավուշի մարզից սկիզբ առած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ու դրա հետ կապված բողոքի ակցիաների հետ։ Ավելի ուշ այս շարժումը տեղափոխվեց Երևան։ Թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողների և օպերատորների նկատմամբ բռնությունների, մասնագիտական գործունեության խոչընդոտումների, այլ ճնշումների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարություններով՝ պահանջելով իշխանություններից ապահովել ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահող ոստիկաններին։ Որոշ դեպքերում իրավապահ մարմինները արձագանքել են այդ հայտարարություններին։ Մասնավորապես՝ Քննչական կոմիտեն մայիսի 14-ին ԽԱՊԿ-ին ուղղված նամակով հայտնել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ձեռնարկվում են ապացուցողական, վարույթային այլ գործողություններ՝ քննության օբյեկտիվությունը, համակողմանիությունը և դրա բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Իսկ մայիսի 23-ին հաղորդել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կիրառված բռնություններին առնչվող դեպքերի և դրանց քննությունների մասին հանրությանը տեղեկացնելու՝ ԽԱՊԿ-ի և գործընկեր կազմակերպությունների պահանջն ընդունվել է ի գիտություն։ Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, նույն ՔԿ-ից ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները ստացել են նամակ, որում նշվում էր, որ հունիսի 13-ի հայտարարությունը կցվել է Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթին։
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նույնպես դատապարտել են բողոքի ակցիաների ժամանակ ԶԼՄ-ների աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունները։
Ընդհանուր առմամբ եռամսյակի ընթացքում մի շարք միջազգային կառույցներ իրենց զեկույցներում անդրադարձել Հայաստանում խոսքի ազատության վիճակին։ Այդ փաստաթղթերում նույնպես նշվում է ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի մասին։ Այսպես՝ Freedom House միջազգային կազմակերպությունը ապրիլի 10-ին հրապարակած՝ Nations in Transit 2024 զեկույցում նշել է, որ 2023 թվականին Հայաստանում արձանագրվել է ժողովրդավարության անկման միտում, ներառյալ ժողովրդավարական ինստիտուտներում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ ապրիլի 23-ին հրապարակված «Մարդու իրավունքներ 2023. Հայաստան» տարեկան զեկույցում էլ շեշտվել է, որ Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված, այդուհանդերձ՝ անհատ քաղաքացիները և ԶԼՄ-ները օգտվում են խոսքի ազատության իրավունքից, անկաշկանդ քննադատում կառավարությանը։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ապրիլի 24-ին հրապարակած իր տարեկան զեկույցում մտահոգություն է հայտնել հատկապես 2023թ․ սեպտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ տուժած լրագրողների առնչությամբ։
Որպես լուրջ խնդիր լրատվամիջոցների բևեռացվածությունը նշվում է նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մայիսի 3-ին հրապարակված տարեկան զեկույցում։ Իսկ կարևոր ձեռքբերումներից է ձևավորված բազմակարծության միջավայրը: Սրանով պայմանավորված մամուլի ազատության վարկանիշում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. նախորդ տարի 180 երկրի ցանկում ՀՀ-ն 49-րդն էր, այս տարի՝ 43-րդը։ Սակայն կազմակերպությունը նշել է, որ երկրում ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Այս առումով առավել հրատապ են ԽԱՊԿ-ի և գործընկեր լրագրողական կազմակերպությունների, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Արդարադատության նախարարության կողմից տարվող համատեղ աշխատանքները՝ Մեդիա օրնսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այդ գործընթացի տրամաբանությունից է բխում նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ապրիլի 11-ին ներկայացվել է ՀՀ կառավարություն։ Ավելի ուշ՝ ապրիլի 29-ին, այդ օրինագծի քննարկման համար կայացել են նաև խորհրդարանական լսումներ։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
The post Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2024թ. երկրորդ եռամսյակային զեկույց first appeared on MediaLab Newsroom-Laboratory.