Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ վերջին տարիներին ստացած ավելի քան 4 հազար անուն նյութերի և «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հերթական երեք հատորների ու գիտական պարբերականների շնորհանդեսը։
«Արմենպրես»-ին հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը տեղեկացրեց, որ շնորհանդեսին ընդգրկվել են անցած տարի «Ցեղասպանագիտական հանդես» և “International Journal of Armenian Genocide Studies” գիտական պարբերականների տպագրված 2-ական համարները, ինչպես նաև ցեղասպանությունը վերապրածների հուշագրությունների շարքի հերթական հատորներն ու ռուսերեն, ֆրանսերեն հրատարակված գիտական 2 աշխատություն։
«Ինչ վերաբերում է նյութերին, ապա դրանք Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտին վերջին տարիներին տրված նվիրատվություններն են։ Դրանք բավականին մեծ թիվ էին կազմում, այդ պատճառով որոշեցինք շնորհանդեսի ձևով ներկայացնել․ 4000-ից ավել անուն նյութ ենք ստացել։ Դրանք ընդգրկում են, օրինակ՝ բնօրինակ լուսանկարներ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված։ Բավականին մեծ թվով լուսանկարներ ենք ստացել նաև Արցախում տեղի ունեցածի հետ կապված»,-մանրամասնեց Գզոյանը՝ հավելելով, որ աշխարհի տարբեր անկյուններից՝ Լիբանանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ստացված նյութերում կան նաև հուշագրություններ, օսմանատառ փաստաթղթեր։
Դրանց մաս են կազմում նաև ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանի լուսանկարները, որոնք ներկայացնում են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի արցախյան պատերազմներից:
Այս նկարների մի մասը դեռևս հրապարակված չէ:
Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրենի խոսքով՝ բացառիկ նշանակությամբ այս նյութերն իրենց տեղը կունենան առաջիկա ցուցադրություններում։
Միջոցառմանը ներկա էին նվիրատուների և Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգները, որոնց նախնիների հուշագրությունները ներկայացվեցին։