Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am կայքից։
Դատախազություն են հրավիրվել Մանյա Վարդանի Ղուկասյանը, Սպարտակ Վարդանի Ղուկասյանը, նախկին քաղաքապետի կինը, Նոնա Սերյոժայի Ղուկասյանը և հենց ինքը Վարդան Ղուկասյանը։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշվում է ծանուցման մեջ։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը մեղադրվում է 1999-2012 թթ. ապօրինի կերպով գույքերի օտարման մեջ։
The post Վարդան Ղուկասյանը և նրա ընտանիքը դատախազություն են հրավիրվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.