Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ԱԱՊԾ) հետաքննում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձի իրականացման նախապատրաստությունը։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, հուլիսի 24-ին հայտնել են գերատեսչությունից։
«Պետական անվտանգության ծառայությունը հետաքննում է Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և Ուկրաինայում բնակվող իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների կողմից ֆինանսավորվող հանցավոր գործունեության փաստերը, այդ թվում՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը», - ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
ՊԱԾ-ը ձեռնարկում է ակտիվ քննչական և օպերատիվ որոնողական աշխատանքներ։
Իվանիշվիլիի դեմ մահափորձի կանխման մասին հայտնի է դարձել նախօրեին։ «Իմեդի» հեռուստաընկերությունը երեկ հայտնել էր, որ այս գործով մարդիկ մի քանի օր է, ինչ հարցաքննվում են դատարանում, նրանց մեծ մասը վարձկաններ են, որոնք կռվել են Ուկրաինայում։ Քննիչների տվյալներով՝ ահաբեկչություն էր նախապատրաստվում նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստվել է նույն ուժերի կողմից, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին, tass.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ մեկը Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա նույն ձեռագիրն է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին», - ասել է Կոբախիձեն:
Մայիսին մահափորձ էր կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, իսկ հուլիսի 13-ին՝ Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։