ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի, մեներգչուհի Աննա Նշանյանը, որն իր բազմամյա գործունեությամբ նշանակալի ներդրում է ունեցել Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կյանքում։
Այս մասին տեղեկացնում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջը:
Աննա Նշանյանը Թատրոնում սկսել է աշխատել 1959 թվականից՝ հանդես գալով բազմաթիվ օպերային դերերգերով` Ա. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ. Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) եւ այլն:
Երգչուհին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ինչպես նաեւ պարգեւատրվել ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրով եւ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը եւ արժանացել մի շարք ամերիկյան պարգեւների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման: