2024 թվականի հուլիսի 17-ին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի ծառայողները Երևան քաղաքի Արղության փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ցուցաբերել է կասկածելի վարքագիծ և փորձել է կպչուն ժապավենով փաթեթները թաքցնել մեքենայում։
ՔԿ-ից հայտնում են, որ նշված անձը, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը, որը Արմավիր քաղաքի 32-ամյա բնակիչ է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է, նախնական տվյալներով, 0.89 գրամ քաշով 2 փաթեթ՝ սպիտակ բյուրեղանման զանգվածով:
Տղամարդն իրավապահներին հայտնել է, որ իր մոտ առկա է դանակ, իսկ ձերբակալման ընթացքում նետել է իր մոտ պահվող երեք փաթեթները և բջջային հեռախոսը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 396-րդ հոդվածի 2-րդ մասով, 334-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում 32-ամյա տղամարդու մասնակցությամբ Երևան քաղաքի Արղության փողոցում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում «Օպել» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է ընդհանուր 2.85 գ քաշով 3 փաթեթ:
Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդը նշված ավտոմեքենայի միջից ինքնակամ ներկայացրել է փաթեթավորված 25 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 22 գ նախնական քաշով, ինչպես նաև մոխրացած հետքերով կաթուցիչ և 1.15 գ ընդհանուր կշռով կանաչավուն զանգված:
Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն, որի նախնական արդյունքներով՝ ներկայացված փաթեթների մեծ մասում առկա սպիտակավուն երանգի, բյուրեղանման փոշեզանգվածը «Մենթամֆետամին» տեսակի թմրամիջոց է: Փորձաքննության ներկայացված մյուս փաթեթների եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելը և պահելը): Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանքը:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, ինչպես նաև՝ այն իրացրած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
The post 32-ամյա վարորդի խուզարկությամբ թմրամիջոցով փաթեթներ են հայտնաբերվել. նա կալանվորված է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.