Հնագետները Երուսաղեմում հայտնաբերել են «մոնումենտալ» կառույց, որը հիշատակվում է աստվածաշնչյան երկու գրքերում, գրում է timesofisrael.com-ը։
Նրանք հայտնաբերել են հնագույն խրամատի ավերակներ. խրամատը, ըստ մասնագետների, կառուցվել էր հազարամյակներ առաջ և նպատակ ուներ Դավթի քաղաքը ( Երուսաղեմի հնագույն բնակեցված շրջանը-Խմբ.) երկու մասի բաժանել:
150 տարի շարունակ հետազոտողներն աշխատել են ապացուցելու համար, որ քաղաքը երկու մասի է բաժանված եղել, ինչպես նկարագրված է սուրբ գրություններում: Այժմ նրանք հայտնաբերել են խրամատը, որը հարավային բնակելի շրջանը բաժանել է հյուսիսում գտնվող վերին քաղաքից:
Խրամատի խորությունը մոտ 9 մետր էր, լայնությունը՝ 30 մետր:
Ըստ մասնագետների թիմի՝ խրամատը ստեղծվել էր ավելի քան 3,000 տարի առաջ. նույն ժամանակահատվածում են գրվել Թագավորաց գիրքը (Հին Կտակարանի կանոնի պատմական գրքերից է-Խմբ.) և Սամուել մարգարեի գիրքը, որոնցում նկարագրված է, որ Դավթի քաղաքը բաժանվել է երկու մասի՝ Օֆել և Միլո: Օֆելը և Միլոն տերմիններ են, որոնք օգտագործվում են սուրբ գրություններում՝ նկարագրելու Դավթի քաղաքի տարբեր մասերը: