Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ի սկզբանե հաղորդվել էր, որ երկրաշարժը եղել է 6,8 մագնիտուդով, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 7,3 մագնիտուդի մասին։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա շրջանի Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 128 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։