Հանձնվելը միշտ չէ, որ ֆիզիկական մահ է նշանակում, բայց միշտ իրենից ներկայացնում է հրաժարում սեփական էությունից։
Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուս քաղաքագետների հերթական վերլուծությունն էի լսում, երբ Եկատերինա Շուլմանը նման մի միտք արտահայտեց, «հանձնվել» բառը միջազգային լրահոսից միանգամից պոկեց ու տարավ ուղիղ մեր տարածաշրջան։ «Հանձնվել՝ նշանակում է հրաժարվել ինքդ քեզնից…»
Հետաքրքիր միտք է։ Ես հիշեցի երկրորդ նախագահի հարցազրույցը, որի ընթացքում նա ասում էր, թե երբեք «ոչմիթիզական» չի եղել, կամ ներկայիս վարչապետի խոսքը, թե «ցավոտ լուծումներ» են հարկավոր։
Այս բոլորը զիջողականության ծիրում են։ Եվ սխալ կլինի ասել, որ մեր մեջ այս մտքերն ի հայտ են եկել 2020-ից հետո։ Զանազան «տանք պրծնենք»-ների շշուկները սկսվել են լսվել դեռևս 90-ականներից ի վեր։ Եվ եթե այդպես է, ապա բնական հարց է ծագում` ինչո՞ւ ենք մենք սկսել փսփսալ զիջելու մասին անմիջապես հաղթանակից հետո, ինչու էինք վերջին 26 տարիների ընթացքում մեզ նախապատրաստում զիջմանը։
Եվ չպետք է ասել, որ մենք պատրաստ էինք պատերազմի, պարզապես չստացվեց։ Պատերազմի հիմա պատրաստվում է Իլհամ Ալիևը, որը ճանապարհներ է կառուցում, շահավետ դիրքեր է գրավում, զենք է գնում։ Մեր «Հրապարակ է մտնում «Իսկանդերը»», պարզվեց, ավելի շատ շոու էր` մեզ և աշխարհին ցույց տալու համար, որ հետ չենք կանգնելու։ Մինչդեռ ներքուստ մենք գիտեինք, թե ինչպես իրականում երեխային դրսի քաղաքացիություն դասավորել, որ բանակ չտանեն։ Եվ գիտեինք ու գիտենք դա համատարած։
Բայց եթե զիջել նշանակում է հրաժարվել սեփական էությունից, ապա ինչպես անվանել այն վիճակը, երբ մարդիկ մեծ հաշվով պատրաստ են զիջել նախքան մարտի սկսվելը։ Մի՞թե սա նշանակում է, որ հաղթանակը և հողը գրչով չզիջելու մասին խոսքերը մեր իրական էությունը չէին։ Մեր դիմակն էր, որը, ցավոք, նույնպես թղթից էր։
Նման հարցադրումներն ու մտքերը մտովի տանում են հետ` հարյուր տարի առաջ։ Ցեղասպանության հետքը ծանր նշան է դառնում հանրության վրա։ Իսկ հետո անկախության տարիների մարտեր, բոլշևիկյան բանտեր։
Տարիներ շարունակ սերունդ առ սերունդ մսաղացի մեջ կոտորվել են գրեթե բոլոր չհանձնվողները` թողնելով ազգիս համար մի հստակ, չգրված հաղորդագրություն. «պայքարողը մեռնում է, ով ուզում է ողջ մնալ, պիտի զիջի»:
Իզուր չէ, որ ծառայությունը հայրենիքին ասոցացվում է կյանքը դնելու, մահվան դուռը թակելու հետ։ Ըստ այդմ` հայրենիքը անվտանգության համար կերտվող ամրոց չէ մեզ համար։ Այն տարօրինակ սուրբ խորան է, որտեղ պետք է մատաղ անենք մեզ ու մեր ջահելներին։ Նման «սուրբ վայրից» մարդ իհարկե կուզի փախչել։ Նման սրբությանը ծառայելու գինը չափազանց թանկ է։
Հանրամատչելի հոգեբանության մեջ կա մի եզր, որը հիմա դարձել է առօրյա խոսքի մաս, կոչվում է «հարմարավետության գոտի» (зона комфорта): Թվում է, թե դա մի վիճակ է, որտեղ մարդուն լավ է։ Մեզ խաբում է «հարմարավետություն» բառը: Բայց այս արտահայտությունը լավ լինելու հետ կապ չունի։
Մարդու համար հարմարավետության գոտին իրեն ծանոթ իրավիճակն է։ Դու ամեն օր գնում ես տաղտկալի գործիդ, բայց չես հանդգնում հեռանալու դիմում գրել, որովհետև քո ուղեղը գտնվում է իր համար հարմարավետության գոտում։ Նա քեզ ասում է` մեզ այստեղ ամեն ինչ ծանոթ է, արի ռիսկի չդիմենք։ Եվ սա էվոլյուցիոն առումով արդարացված է։ Մեր նախնիները, եթե անընդհատ դուրս գային սեփական հարմարավետության գոտուց, մենք հիմա չէինք լինի։
Ինձ երբեմն թվում է, որ մեր ազգի համար այդ հարմարավետության գոտին խեղճացած, պոչը քաշած և, ամենակարևորը՝ որոշումներ չընդունող վիճակն է։ Ցարի, շահի կամ սուլթանի մեծ տերության մաս կազմող ժողովուրդ, որը պարզապես ուզում էր՝ իրեն թողնեն զբաղվի արհեստով և առևտրով։
Իսկ ցարը, շահը և սուլթանը թող որոշումներ կայացնեն։ Հեռու մնալ վեր-վեր թռնողներից։ Նրանց մահից հետո երգեր երգել, կենացներ ասել և միշտ լինել շառ ու փորձանքից հեռու։
Սա է մեր հարմարավետության գոտին:
Մեզ ծանոթ միջավայրը։ Եվ այս հոգեվիճակով հանրության ափերի մեջ են դնում արյունոտ, անսպասելի մի հաղթանակ։ Դեն նետելն ափսոս է, դրա հետ կապված հետագա որոշումներ ընդունելը` անսովոր, ռիսկային, հոգսաշատ։ Ճիշտը երևի դարակում պահելն է։ Օրը կգա, բարին էլ հետը… Օրը եկավ՝ առանց բարիի։ Այն, ինչ «սխալ է դրված», մի օր ձեռքիցդ կվերցնեն։
Այսպիսով, ես սկսում եմ զգույշ ենթադրել, որ գուցե զիջելով հաղթանակը՝ մենք մեծ հաշվով չզիջեցինք մեր էությունը, հակառակը` ամեն ինչ եկավ ի շրջանս յուր։ Բայց մենք զիջեցինք մեզ տրված եզակի հնարավորությունը փոխվելու, սեփական գլխով սկսել մտածելու, համայնքից ազգ դառնալու… Այս հնարավորությունը վաստակել էինք արյամբ և տվեցինք արյամբ։ Տխուր պատմություն է։ Բայց խնդիրն այն է, որ երբեմն, երբ մարդիկ չեն կարողանում հետևություն անել հաղթանակից, նրանց դա ստիպում է անել պարտությունը։
Լիանա Խաչատրյան
MediaLab.am
The post Բարի գալուստ հարմարավետության գոտի. կամ ինչպես դեն նետել հաղթանակը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.