ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր մրցակցին՝ Ջո Բայդենին, առաջարկել է այս շաբաթ ևս մի հեռուստաբանավեճ անցկացնել: Այս մասին գրում է independent.co.uk-ը:
Հանրապետականն ընդգծել է, որ հունիսի 27-ի բանավեճում «Բայդենը կրել է նախագահական հեռուստաբանավեճերի պատմության մեջ ամենաջախջախիչ պարտությունը»:
«Սակայն մի խղճացեք Բայդենին, նա շատ վատ տղա է: Այսօր պաշտոնապես Ջոյին առաջարկում եմ հնարավորություն՝ փրկելու իրեն ողջ աշխարհի առաջ: Եկեք այս շաբաթ ևս մեկ բանավեճ անցկացնենք, որպեսզի քնկոտ Ջո Բայդենը կարողանա ապացուցել բոլորին ամբողջ աշխարհում, որ ի վիճակի է նախագահ լինել», - ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին: ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բայդենի և Թրամփի առաջին հեռուստաբանավեճից հետո ԱՄՆ-ում ակտիվացել են գործող նախագահին այլ թեկնածուով փոխարինելու քննարկումները. պատճառը Բայդենի չափազանց անհաջող ելույթն էր այդ բանավեճում: