Այսօր՝ հուլիսի 9-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էրեբունի 33 հասցեի դիմաց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի մոտ, կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, հայտնաբերել են ատրճանակից արձակված 2 պարկուճ։
Իրավապահները պարզել են, որ դեպքի վայրից հրազենային վնասվածքներով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողին ոստիկանները տաք հետքերով հետապնդել ու վնասազերծել են, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ատրճանակը։
Կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Կայքի տեղեկություններով՝ նա Էրեբունիում հայտնի գարեջրատան տեր «Սամիկոյի» տղան է՝ 26-ամյա Արմեն Գ․-ն, իսկ հրազենային վնասվածքներ ստացած վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հարություն Ի․-ն է։