ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ դատարանն այսօր մեղավոր ճանաչեց Վլադիմիր Գապարյանին, Լևոն Երանոսյանին ու ևս երկու նախկին բարձրաստիճան ոստիկանի։ Նախկին ոստիկանապետն ու նախկին փոխոստիկանապետը մեղավոր ճանաչվեցին ու դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման, սակայն ազատվեցին պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով էլ՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Դատավճիռը հրապարակեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Գասպարյանի գույքի վրա դրված կալանքը վերացվեց։ Նրանից կգանձվեն դատական ծախսերը՝ 200 հազար դրամ։ Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանն ու ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր ճանաչվեցին, սակայն ազատվեցին պատժի կրումից դարձյալ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Ի տարբերություն Գասպարյանի՝ Թունյանի, Գրիգորյանի ու Երանոսյանի գույքի նկատմամբ դրված կալանքը պահպանվեց։ Գասպարյանն ու Երանոսյանը դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեցին, որ անմեղ են և կբողոքարկեն դատավճիռը։
The post Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների դատավճիռը. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.