Երևանի Ազատության պողոտայում քաղաքացիների և ոստիկանների միջև հուլիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից և Գլխավոր դատախազությունից:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել առ այն, որ Ազատության 12/2 շենքի բնակիչներն իրենց բողոքն են արտահայտել իրենց բակում կառուցվող նոր շինության կապակցությամբ։ Վերջիններիս և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում 4 անձ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) հիմքով տեղափոխվել է Ոստիկանության բաժին:
Պաշտպանի հանձնարարությամբ նշված դեպքի առնչությամբ սկսվել է ուսումնասիրության ընթացակարգ՝ քաղաքացիների բարձրացրած խնդիրների, այդ թվում՝ միջադեպի մանրամասները և անձանց վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերը պարզելու նպատակով: Պարզվել է, որ Ոստիկանություն տեղափոխված 4 անձինք ազատ են արձակվել, նրանցից մեկը ներկայացրել է նաև հանցագործության մասին հաղորդում՝ իր նկատմամբ Ոստիկանության ծառայողի կողմից անհամաչափ ուժ կիրառելու և իրեն վնասվածքներ պատճառելու վերաբերյալ: Վերոնշյալի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմ ներկայացվել է նաև բողոք:
Շենքի կառուցման հետ կապված բնակիչների կողմից բարձրացված այլ հարցերի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ կպահանջվեն նաև Երևանի քաղաքապետարանից»: