Մեր պահանջներն ենք ներկայացնում ՄԱԿ-ին առ այն, որ Ադրբեջանը ժամ առ ժամ, նպատակադրված վերացնում է հայկական հետքն Արցախում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցի Արմինե Ավագիմյանը:
«Գիտենք, որ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը որոշում ունի այն մասին, որ իրենց տները լքած արցախցիներին Ադրբեջանը պարտավոր է տրամադրել իրենց փաստաթղթերը, գույքը, ունեցվածքը»,- ասաց նա:
Ավագիմյանը նշեց, որ իրենց պահանջներից մեկն Արցախ վերադարձի իրավունքի վերականգնումն ու ապահովումն է:
«Միջազգային մեխանիզմների կիրառմամբ պետք է ապահովվի մեր անվտանգ վերադարձը: Ցավոք, իշխանությունների գործողությունները բավարար չեն արցախցիների վերադարձն ապահովելու ուղղությամբ, ավելին մենք նկատում ենք, որ արցախցիների վերադարձի հարցը օրակարգից փորձ է արվում հանել: Եթե մենք գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով՝ լքել ենք մեր բնակավայրերը, դեռ չի նշանակում, որ մենք հարմարվելու ենք: Ուսումնասիրելով Ադրբեջանի մեդիադաշտը՝ նկատում ենք, որ նույնիսկ այնտեղ են զարմացած, թե ինչպես է արցախցիների իրավունքների հարցը հանվում օրակարգից»,- ասաց նա: