Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին արտգործնախարարների մակարդակով հրավիրել է մասնակցելու ՆԱՏՕ-ի 2024-ի գործընկերների հետ հանդիպմանը՝ Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներու:
Այս մասին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքվում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը:
«Ես ակնկալում եմ, որ երկու երկրներն էլ կմասնակցեն միջոցառմանը, ընդհանուր առմամբ, 30 գործընկեր երկիր», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի այս միջոցառումը նախատեսված է անցկացնել հուլիսի 9-ից 11-ը։
Օ'Բրայենը Բաքվում ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «հնարավորություն կգտնեն՝ ամենամոտ ժամանակներս հանդիպելու»։
«Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ կլինենք ընդունել նրանց այն դերակատարմամբ ու կարգավիճակով, որն ի վիճակի կլինենք ստանձնել։ Բայց կան այլ խողովակներ, և երկու կողմերը շատ արդյունավետ ուղիղ կապ են պահպանում միմյանց հետ»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։