Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ Սյունիքի մարզի գյուղերից մեկի 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող աշակերտի նկատմամբ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի իրականացրած սեռական ոտնձգության գործով։ Վերջինս եղել է նաև համայնքի ղեկավարը։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պետությունը խախտել է երեխայի՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքները և պարտավորեցրել՝ տուժող երեխային վճարել 32 հազ․ եվրո։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը:
2012թ․ փետրվարի 23-ին երեխայի մայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության բաժին։
2012թ․ փետրվարի 22-ին տուժող երեխայի դասընկերները վերջինիս հայտնել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը նրան է կանչում։ Դրանից առաջ ևս նմանատիպ մի քանի դեպք է եղել, և երեխայի դասընկերները կասկածել են, որ ուսուցիչը վատ նպատակներ ունի իրենց դասընկերուհու նկատմամբ, ուստի որոշել են հեռախոսով տեսանկարահանել։ Կարծելով, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը երեխային կանչել է, որպեսզի իր հետ սեռական հարաբերություններ ունենա, աշակերտները որոշել են իրականացնել ամբողջ գործընթացը տեսանկարահանելու իրենց ծրագիրը:
Աշակերտներից մեկը դռան արանքից նկատել է, թե ինչպես է ֆիզկուլտուրայի ուսուցիչը համբուրում և սեռական գործողություններ իրականացնում տուժող երեխայի հետ։ Տեսածից սարսափած՝ վազել է մի քանի դասարաններով, այդ թվում՝ տնօրենի աշխատասենյակ, որպեսզի օգնություն խնդրի։ Սակայն տնօրենը տեղում չի եղել, իսկ ուսուցիչներից ոչ ոք չի արձագանքել երեխային։
Հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ։ Տուժող երեխայի մայրը հայտնել է, որ համայնքի ղեկավարը, ով «Ֆիզկուլտուրա» առարկա է դասավանդել դպրոցում, հայտնի է եղել իր անպարկեշտ վարքագծով։ Արդեն գործի քննության ընթացքում երեխայի մայրը հայտնել է, որ իրենք ստացել են անանուն հեռախոսային սպառնալիքներ։ Երեխայի նկատմամբ սեռական բռնություն կիրառած ուսուցչի հարազատներից ևս սպառնալիքներ են հնչել, որպեսզի հրաժարվեն բողոքից։ Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ երեխայի հետ սեռական հարաբերություն են ունեցել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:
The post ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել աշակերտի նկատմամբ դպրոցի ուսուցչի իրականացրած սեռական ոտնձգության գործով. «Հետք» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.