Կարող ենք իրավացիորեն քննադատել Հայաստանի իշխանությունների վարած դիվանագիտական քաղաքականությունը, բայց գոնե այս անգամ դժվար է չհամաձայնել այն քաղաքագետների հետ, որոնք պնդում են՝ Պաղեստինի անկախության ճանաչումը ճիշտ ժամանակին է արված։ Տարիներ շարունակ Եվրոպան միայն իր բարոյական աջակցությունն էր հայտնում պաղեստինցիներին, բայց ամերիկացիների օրինակին հետևելով, խուսափում էր անկախության պաշտոնական ճանաչումից։ Սակայն մի քանի շաբաթ առաջ, ինչպես կասեր Միխայիլ Գորբաչովը, գործընթացը սկսվեց. մայիսի վերջին Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին հայտարարեցին Իսպանիան, Նորվեգիան և Իռլանդիան, իսկ հունիսի սկզբին նրանց միացավ նաև Սլովենիան։