Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը հայտարարել է ChatGPT արհեստական բանականության տեխնոլոգիան իր նոր մեքենաներում ինտեգրելու մասին։ Չաթբոտը ներկառուցված է IDA ձայնային օգնականի մեջ:
ChatGPT-ն ներդրվել է ID ընտանիքի էլեկտրական մեքենաներում, ինչպես նաև նոր Golf, Tugian և Passat մոդելներում։ Volkswagen-ի ստանդարտ ձայնային օգնականը թույլ է տալիս կառավարել մեքենաների տարբեր համակարգեր, օրինակ՝ մուլտիմեդիան և կլիմայական համակարգը, սակայն չաթբոտի ներդրմամբ ձայնային կառավարման հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են, հայտնել է ընկերությունը։
Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է պատմել զբոսաշրջային վայրերի մասին, հաղորդել ֆուտբոլային հանդիպման արդյունքները կամ օգնել մաթեմատիկական խնդիրների լուծման հարցում:
ChatGPT-ի հետ շփվելու համար վարորդը ստիպված չի լինի աչքերը կտրել ճանապարհից, նշել է Volkswagen-ը։
Նշվում է, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներն աշխատում են անգլերեն, իսպաներեն, չեխերեն և գերմաներեն լեզուներով: Volkswagen-ն ընդգծել է, որ ChatGPT-ին հասանելի չեն մեքենաների տվյալները, և արհեստական բանականության հետ բոլոր երկխոսություններն անմիջապես ջնջվում են՝ օգտատերերի ամբողջական գաղտնիությունն ապահովելու համար: