Լեգենդար բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր և գիտնական Արթուր Չիլինգարովին զինվորական պատիվներով հուղարկավորել են Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։ Այս մասին հայտնում է Պետդումայի կայքը։
Նշվում է, որ ԽՍՀՄ, ՌԴ հերոսին հուղարկավորել են ՌԴ պետական օրհներգի հնչյունների ներքո:
«Արթուր Նիկոլաևիչին հուղարկավորել են Նովոդևիչյան գերեզմանատանը զինվորական պատիվներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարի Պայծառակերպություն եկեղեցում վերջին հրաժեշտն են տվել Չիլինգարովին։ Պետդումայի պատգամավորներից ու սենատորներից բացի, մասնավորապես, ներկա են եղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Երկրորդը, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, երգիչ Գրիգորի Լեպսը։
Հունիսի 1-ի երեկոյան ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Արթուր Չիլինգարովի մահվան մասին։ Պատգամավորը կյանքից հեռացել է 84 տարեկանում։
Արթուր Նիկոլայի Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը՝ Նիկոլայ Չիլինգարյանը, աշխատել է Բոլշևիկների համամիութենական կոմկուսի Լենինգրադի մարզկոմի և քաղկոմի առաջին քարտուղար Պյոտր Պոպկովի օգնական, զբաղվել քաղաքաշինության հարցերով։ Որդու ծնվելուց մի քանի տարի անց նա ենթարկվել է բռնաճնշումների։ Դրա հետևանքով Չիլինգարովը մեծացել է մոր և խորթ հոր հետ։
Չիլինգարովը աշխարհագրական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՌԴ ԳԱԱ թղթակից-անդամ, անվանի բևեռախույզ, ինժեներ-օվկիանոսագետ։
Նա ԽՍՀՄ, ՌԴ հերոս է, ինչպես նաև պարգևատրվել է ՀՀ պետական «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով և «Անանիա Շիրակացի» մեդալով, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով։ Գյումրիի Պատվավոր քաղաքացի է։