Նշեք մի հաջողություն, որ 2023 թվականի ընթացքում եք ֆիքսել:
Այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից խնդրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԳ նախարարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
Միրզոյանն էլ ասաց, թե Խաչատրյանն ասում է արդյունք չկա, բայց ինքն ահագին ժամանակ հատկացրեց կոնկրետ արդյունքներ թվելով։
«Դուք նկատի ունեք միայն մեկ ուղղություն՝ Հայաստան-Ադրբեջան գործընթաց և ԼՂ-ն, այստեղ էլ չեմ խուսափում խոսակցությունից։ Մեղադրե՞լ եք ուզում, ուրեմն լավ իմացեք ձեր անմիջական և ձեր ուժի անմիջական մասնակցությունն այդ արհավիրքի մեջ շատ հյութալի, ուժեղ, մարմնեղ նյութական ու անշեղ է եղել»,- ասաց Միրզոյանը։
Խաչատրյանն էլ հակադարձեց, որ նախարարը համաձայնագրեր է մեջբերում, որոնց նյութականը չկա, որոնց արդյունքում ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը չի մեծացել, ընդհակառակը՝ մենք դարձել ենք ավելի խոցելի։
«Հիշո՞ւմ եք՝ ձեր կառավարության ղեկավարը ոնց էր հիմնավորում ԵՄ դիտորդների մուտքը ՀՀ սահմաններ, որովհետև Ադրբեջանը կարծում է Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստվում են Ադրբեջանի վրա հարձակվեն դրա համար եվրադիտորդներ ենք բերում։ Դա եվրոպացիներին պատմում ես, սկսում են ծիծաղել։
Հասկանո՞ւմ եք չէ, որ դա սուտ է։ Մեր դիվանագիտությունը չի կարողացել ՀՀ անվտանգային մակարդակը բարձրացնի։ Չկա այսօր մի պետություն, որ կասի ես պատրաստ եմ երաշխավոր հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը ու դա Ադրբեջանի պահանջն է»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը նաև նշեց, թե ՀՀ-ն կատարում է Թուրքիայի պահանջները։
Ի պատասխան Միրզոյանը ասաց․ «Եմ առաքելության տեղակայումից հետո, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում որևէ մեծ հարձակում, ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք չի եղել, սա փա՞ստ է։ Այն վիճակը այն ծուղակը, որում հայտնվել է ՀՀ-ն Հայ հանրությունը դա մի ծուղակ է, որը Դուք կամ ձեր օգնությամբ ուրիշները լարել եք տասնամյակներ շարունակ։
Կարող է անձամբ Դուք չեք էլ գիտակցում, որ դա ծուղակ էր։ Դա եղել է միջոց կանխելու ՀՀ իրական սուվերենությունն ու անկախությունը։ Այո՛, դա եղել է շատ քաղցր, բայց, այնուամենայնիվ, շղթա ապահովելու Հայաստանի անազատությունը»,- ասաց ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Միրզոյանն ասաց․ «Թուրքիայի կողմից պահանջներ չկան մեզ, կա շատ առողջ երկխոսություն նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, առայժմ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված այլ, երրորդ գործոններով։ Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ մեր պայմանավորվածությունները կսկսեն իրականանալ, մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ և նորմալ երկախոսությունը»։