Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պարոն Վիզլերի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների փոխգործակցությունը կրում է դինամիկ բնույթ և համատեղ օրակարգը հետևողական կերպով ընդլայնվում է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել անձամբ պարոն Վիզլերի և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից պարբերաբար արտահայտվող հայանպաստ դիրքորոշումների համար և կարևորել միջխորհրդարանական սերտ համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:
Կլոդ Վիզլերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և բարձր գնահատել Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների ներկա մակարդակը: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության և համատեղ ծրագրերի իրականացման գործում: Կլոդ Վիզլերը շեշտել է, որ միջխորհրդարանական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է, ինչը կնպաստի նաև տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցեր: Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը կարևորել է ՀՀ կառավարության մոտեցումները և հասցեական լուծումները՝ կապված ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար բնակչության խնդիրների ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ծրագրերը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը: Այս համատեքստում կարևորվել է նաև միջազգային հանրության աջակցությունը:
Տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման հարցում երկուստեք ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը: