Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ արձագանքելով ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը, հայտնի չի եղել։
«Ես 20 տարեկանից Անդրկովկասում ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի տնօրենն եմ եղել, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ, ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում»,- նշեց նա։
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին, թե Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի՝ Գառնիկ Դանիելյանն ասաց.
«Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը, բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է այդ բոլոր ռեժիմների առաջնորդներին՝ մինչև մի քանի շաբաթ առաջ։ Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասես, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք։ Մենք ամեն ինչը թողնում ենք մի կողմ, էդ բզբզելն ի՞նչ իմաստ ունի, ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին: Բայց բոլորի հետ համագործակցելն այդքան վատ չի, ինչքան այս ռեժիմի հետ»:
Պատգամավորը կատակեց՝ 2018-ից առաջ, ով պետական ոլորտում աշխատել է, համարվում է նախկին, հիմա ի՞նչ անենք, 2018-ից հետո ծնվածների հետ գործ ունենա՞նք։
«Շուռնուխի օրն է ընկնելու»,- նշեց Գառնիկ Դանիելյանը:
Tert.am-ի դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է՝ 2026թ ընտրություններում ՔՊ-ն ընտրություններում շռնդալից հաղթանակ է տանելու, պատգամավորն ասաց.
«Գիտեք ո՞նց են հաղթելու, Շուռնուխում էլ հաղթանակ տարան: Սահմանապահ զորքերն այդտեղ էին գրանցված ու իրենց ձայն տվեցին: Գյուղը դատարկելով՝ մտածում են, որ հաջորդ ընտրություններին սահմանապահներին ուղղորդելով հաղթանակ կտանեն ու ամբողջ աշխարհին ցույց կտան»: