«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը
– Պարո՛ն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանը ապրիլի 17-ին Տավուշի մարզ էր այցելել կրկին, այնտեղ խոսել է զոհաբերությունների մասին, որոնց արդյունքում, ըստ նրա, պետք է ապահովվի Հայաստանի անկախությունը՝ ցույց տալով հայտնի մակետը։ Ի՞նչ զոհաբերությունների մասին է խոսում Փաշինյանը, և արդյոք այդ կերպ կկարողանա՞ն պահել Հայաստանի անկախությունը։
– Անկախությունը խոշոր հաշվով երևույթ է, երբ դու ասում ես՝ ես որոշել եմ այսպես ապրել, ու ինձ ոչ մեկը չի կարող հակառակը ստիպել։ Չի կարող անկախություն պահվել այն եղանակով, որ ով ինչ ստիպում է, դու անես, որպեսզի անկախությունդ պահես, դա աբսուրդ է։ Այն, ինչ ինքն ասում է, մոտավորապես հետևյալն է՝ ինքնասպանություն հանուն երջանիկ կյանքի, բռնաբարություն հանուն սեռական անձեռնմխելիության, այս տրամաբանության մեջ է Փաշինյանի առաջարկը։ Սա ընդհանուր բովանդակային առումով։
Իր բուն թեզերի մասով՝ արձագանքելու իմաստ արդեն չեմ տեսնում, բոլորի համար ամեն ինչ պարզ է։ Այդ մարդը դարձել է էպոսագետ, օրը մի բան հորինելով՝ պատմում է, մարդկանց ականջներից լապշա է կախում, բայց բոլորի համար շատ պարզ է՝ ի՛նչ է կատարվում: Մենք գործ ունենք Հայաստանի քաղաքացիներին թուրքական քաղաքականությանը ենթարկեցնելու պարետի հետ, այդ մարդն այստեղ ժանդարմ է աշխատում, որպեսզի մեզ հնազանդեցնի թուրքական քաղաքական ծրագրերին, մնացած ամեն ինչն այդ օպերայի ատրիբուտիկան ու դեկորացիան է։
Մեր ազգի քաղաքական, քաղաքացիական այն հատվածը, որն ունի այս գիտակցումը, արդեն ոչ թե անիմաստ քննարկման մեջ պետք է մտնի, թեև, այո՛, հակադարձ նարատիվները, վերլուծությունները, ինչ խոսք, պարտադիր են, բայց պատմության ընթացքում Նիկոլ Փաշինյանի նմանների հետ հարցերը երբեք քաղաքական բանավեճով չեն լուծվել, այդ հարցերը լուծվել են քաղաքական, կազմակերպչական ենթակառուցվածքներ ստեղծելու ու փողոցում ռեալ գործ անելու միջոցով։
– Իսկ փողոցում, ձեր ասած՝ ռեալ գործ անելու նախադրյալներ դուք տեսնո՞ւմ եք։
– Այս պահին բուն գործողություններ, բնականաբար, տեսնում եք, որ չկան, այս պահին կենսունակ գործողությունների թույլ պոտենցիալ է նշմարվում, կան ինչ-որ շատ հետաքրքիր գործընթացներ հանրային կյանքի հարաբերություններում։
Օրինակ՝ Սամվել Վարդանյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ բոլոր տեսակի ճամբարներից ու ճաշակի խմբերից հանրային արձագանքը ցույց է տալիս, որ մեր հասարակության մեջ ինչ-որ առողջ մտքեր են զարթնում: Սա լավ է, որովհետև նույն 2018-ին տեղի ունեցածի ամբողջ քաղաքական նախապատմությունը նրա մասին է, որ 2012-ից սկսած խոր քաղաքական ճգնաժամում ինչ-որ մարդիկ, որոնք իրարից շատ զզվում էին, կարողացան ինչ-որ ընդհանուր սկզբունքների համար պայքարելու գաղափարով միավորվել։
Ձեզ թող չթվա, որ 2018-ի մարտի 30-ի դրությամբ բոլորը բոլորին շատ սիրում էին, ոչ մեկը մյուսին թալանչի ու հանցագործ չէր համարում։ Շատ չէ, 20-30 մարդու ուսերին է Հայաստանում նոր քաղաքական իրողություն ու միջավայր ձևավորելու ծանր բեռը: Մեզ դրա համար հայհոյելու են, հալածելու են, մեզանից զզվելու են, մեզ ոչ մեկը չի հասկանալու, բայց մենք անելու ենք այդ գործը, ու Հայաստանն ազատվելու է թուրքական քաղաքականության պարետի, կոլաբորացիոնիստական վարչակազմի իշխանությունից։ Այդ գործը շատ ծանր, չերևացող, չգնահատվող գործ է, բայց այն պետք է արվի։
– Պարո՛ն Նահապետյան, իսկ չունե՞ք մտավախություն, որ մինչև այդ գործն արվի, ինչպես ասում են, ամեն բան արդեն ավարտված կլինի։
– Ես քաղաքականության մեջ ընդհանրապես կողմնակից եմ հետևյալ դոկտրինին՝ «Արա այն, ինչ պետք է անես, ու թող լին այն, ինչ լինելու է»։ Այն, ինչ օգնելու է երկարատև արդյունքի հասնելուն, ապա ես դա եմ անելու, կա՛մ կհասցնեմ, կա՛մ չեմ հասցնի։ Կարող եմ բուռն գործողությունների իմիտացիա ձևավորել, բայց դա գործին չի օգնելու, սա արդեն ամեն մեկի անձնական ընտրությունն է։ Ես անելու եմ այն, ինչը էֆեկտիվ է, ոչ թե այն, ինչն արագ է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Ինքնասպանություն հանուն երջանիկ կյանքի, բռնաբարություն հանուն սեռական անձեռնմխելիության. սա է Փաշինյանի առաջարկը. Միքայել Նահապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.