Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն այդ մասին ասել է՝ հանդես գալով եզրափակիչ ելույթով և անդրադարձել դատարանում ադրբեջանական կողմի ներկայացրած առարկություններին Հայաստանի ներկայացրած ապացույցների վերաբերյալ։
Կիրակոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարտավարությունը ձախողվել է և նրա դիրքորոշումը չի նպաստում արդարադատության իրականացմանը:
«Ադրբեջանի ռասիստական բռնությունները, կամայական կալանավորումները և, իհարկե, էթնիկ հայերի նկատմամբ իրականացրած բռնություններն ակնհայտորեն կարող են տեղավորվել Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի (CERD) շրջանակներում: Այս սարսափելի գործելակերպը հակասում է այդ հանձնաժողովի բոլոր մասնակից պետությունների կողմից ստանձնած խոստումներին»,- իր խոսքում նշել է Կիրակոսյանը:
Նա հավելեց, որ Միջազգային դատարանն իր առջև ունի բոլոր անհրաժեշտ տարրերը Ադրբեջանի առարկությունները հեշտությամբ մերժելու համար։
Ավարտելով իր միտքը և շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի դատարանին՝ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ դատավորները կարող են շատ հստակ հերքել և մերժել դատական գործի շրջանակներում Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունները, քանի որ դրանք հակասում են օրենքի ոգուն և տառին։