Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի՝ խորհրդակցությունների նպատակով Բաքվում իր դեսպանին հետ կանչելու որոշմանը` Փարիզին մեղադրելով «հակաադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) քայլերի համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի խոսքով՝ Փարիզը «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) գործունեություն է դրսևորում։
«Չնայած Ադրբեջանի դեմ «զրպարտչական» (չակերտները՝ Tert.am) արշավին, մենք միշտ բաց ենք պահել դռները երկխոսության համար», - ասել է նա:
Ըստ Հաջիզադեի՝ Ֆրանսիայի գործողությունները վերջին երեքուկես տարվա ընթացքում «կասկածի տակ են դրել» (չակերտները՝ Tert.am) ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և «նպաստել են» (չակերտները՝ Tert.am) իրավիճակի սրմանը:
«Ֆրանսիայի նախաձեռնություններն ընդդեմ Ադրբեջանի, որոնք արտացոլված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Եվրամիության, Ֆրանկոֆոնիայի և այլ միջազգային հարթակներում փաստաթղթերում և բանաձևերում, ցույց են տալիս, որ այս երկրի՝ չեզոք միջնորդի դերում հանդես գալու հավականությունները լիովին «անհիմն են» (չակերտները՝ Tert.am): Միանգամայն պարզ է, որ Հայաստանին զինող և տարածաշրջանում «ռազմատենչությունն առաջ մղող» (չակերտները՝ Tert.am) Ֆրանսիայի գործողությունները չեն ծառայում խաղաղությանը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է Ֆրանսիային, որ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը որևէ արդյունքի չի բերի, և ևս մեկ անգամ հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային շահերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Նախօրեին հաղորդվել էր, որ Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Անն Բոյոնին, որն արդեն Ֆրանսիայում է: Նշվում է, որ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է դիվանագետին։
«Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել, որ ադրբեջանական կողմը կհստակեցնի իր մտադրությունները:
Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը:
Այդ ստանդարտացումը օգուտ կբերի երկու երկրներին եւ տարածաշրջանին», - ասված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։