Այսօր Հայաստան են ժամանում Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները, որոնցից 50-ն անզեն են։
«Հունվարի 23-ին Եվամիության կողմից հաստատված ու այսօր Հայաստան ժամանող 100 բացառապես քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներից 50-ը կլինեն անզեն դիտորդներ», - հայտնում է Եվրամիությունը՝ չհստակեցնելով, թե արդյոք մյուս 50 ներկայացուցիչները զինված են, թե ոչ։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոնի հարցարզույցից հայտնի էր դարձել, որ այս առաքելության կազմում ընդգրկված է ֆրանսիացի 8 ժանդարմ։ Տեղեկություններ կան նաև գերմանացի ոստիկանների մասին, այլ մանրամասներ այս մասին առայժմ հայտնի չեն։
Եվրամիությունը տեղեկացնում է, որ քաղաքացիական առաքելության նպատակն է «նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, կառուցել վստահություն և անվտանգություն մարդկանց համար, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար միջավայրի ստեղծմանը»։
Եվրամիությունից նաև տեղեկացնում են, որ երկու տարվա մանդատ ստացած առաքելության օպերատիվ շտաբը Եղեգնաձորում է լինելու։
Եվրոպայի կողմից Հայաստան դիտորդների ուղարկելու ծրագրի հաստատման լուրը ավելի վաղ բացասական արձագանքի էր արժանացել Մոսկվայի, ինչպես նաև Բաքվի կողմից։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ «ֆիքսում են՝ տարածաշրջան ՀԱՊԿ դիտորդներ գործուղելու հնարավորությունը տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Հայաստանը որոշել է նախապատվությունը տալ Եվրամիությանը»:
«Ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Եվրամիությունը հստակ արձանագրել է, թե որն է Հայաստանի Հանրապետության տարածքը», - չուշացավ Հայաստանի արձագանքը։ Թեմային խորհրդարանի ամբինոից անդադարձել էր վարչապետ Փաշինյանը։
Ավելի վաղ Հայաստանը ՀԱՊԿ-ից պահանջում էր դատապարտել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, պահանջ, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այդպես էլ չկատարեց։
Եվրոպացի դիրտոդների ժամանմանը Մոսկվայի կտրուկ արձագանքից հետո Հայաստանում պետք է անհանգիստ լինեն, կարծում է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասրյանը՝ չբացառելով, որ Մոսկվան տարբեր միջոցներով կփորձի տապալել այս առաքելության աշխատանքը Հայաստանի սահմաններին. - «Ռուսաստանը կցանկանա ցույց տալ, որ իրականում Եվրամիության միջնորդությունն արդյունավետ չէ, և Եվրամիության առաջարկած անվտանգային մեխանիզմները գործուն չեն։ Ցույց տալու ամենակարճ ձևն է հայ-ադրբեջանական սահմանին նոր բախումները, նոր լարվածությունը, որի դեպքում այդ դիտորդները բնականաբար որևէ կերպ ազդել չեն կարող և այդպիսով անհայտ կդառնա, որ այդ անվտանգային համակարգը գոնե մեր տարածաշրջանում այնքան էլ կարևոր չէ և արդյունավետ չէ»։
Ի՞նչ կտա Հայաստանին դիտորդների ժամանումը։ Վերլուծաբանի կարծիքով, կարճաժամկետ առումով, եվրոպացիների ներկայությունը կարող է կանխել Ադրբեջանի հնարավոր լայնածավալ ագրեսիան Հայաստանի նկատմամբ առաջիկա ամիսներին։ Իսկ երկարժամկետ կտրվածքով, ըստ Բաղդասարյանի, Եվրոպացի դիտորդներից պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ, քանի որ Եվրոպան մեծ հաշվով Հայաստանին անվտանգային երաշխիքներ չի տալիս։