Հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ օրերս Թուրքիայում արած հայտարարությանը, թե Թուրքիայի հետ կա համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգելու Անիի կամուրջը:
Մանուկյանը ներկայացրեց թուրքական մամուլի մի քանի հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Թուրքիան դեռ 2017թ. նշում էր, որ «Մետաքսի ճանապարհը» շատ կարևոր է և Անիի կամուրջը պետք է վերանորոգվի:
«Ոչ միայն պաշտոնապես հայտարարվել է, այլ դեռ 2019-ին պաշտոնական գործողություններ էին սկսվել Անիի պատմական կամուրջի վերանորոգման համար: Չկար դեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան, և իրականում հայ-թուրքական այսօրվա երկխոսության հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները որևէ կապ չունեն: Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական «կարգավորման գործընթացը» լոկ ծխածածկույթ է, լոկ գեղեցիկ դետալների մի ամբողջ հավաքածու է, որը հրամցվում է մեր ժողովրդին՝ իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,-նշեց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև Մարգարայի կամրջով Թուրքիային ուղարկված մարդասիրական օգնությանը և նշեց, որ հայկական կողմից այսօր այլևս որևէ հիշատակում չկա, որ հայ-թուրքական սահմանը փակվել է 1993-ին Թուրքիայի կողմից որպես ճնշման գործիք և Մարգարայի բացվել-փակվելն արդեն դիտվում է խորհրդանշական.
«Կամրջի հետ կապված մի քանի փաստեր կան, որոնք հանրությանն այդքան էլ հայտնի չեն. դեռևս 2022-ի հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Մարգարայի կամրջի հատված և ասել՝ ծանոթացա պետական բյուջեի միջոցներով Մ3-Թուրքիայի սահման–Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դրանից մի քանի օր առաջ Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերջին հանդիպման ժամանակ նրանք հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել: Սրա համար հիմք է հանդիսացել հուլիսի 1-ի ԱԳ հայտարարությունը, որ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ տպավորություն է, թե առաջին անգամ հենց այս ժամանակ են Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը պայմանավորվել ճանապարհը բացել:
Մանուկյանը, սակայն, ներկայացրեց, որ դեռևս 2020թ. հունիսին Կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար.
«2020-ի հունիսի 25-ին, երբ չկար 44-օրյա պատերազմ, չկային հայ-թուրքական գործընթացները, ընդհանրապես չէր խոսվում սահմանի բացման մասին, հրապարակվում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, որ հավանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կարող է միջամտություն ունենալ և աջակցել Ադրբեջանին: Եվ 2020-ի հունիսի 25-ի Կառավարության նիստում բյուջեում փոփոխություն է կատարվում, որով նախատեսվում է վերանորոգել Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հատվածը, նաև Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման ճանապարհը: Փաստորեն դեռ այն ժամանակ Կառավարությունը 2 մլրդ դրամից ավելի գումար է հատկացրել փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար»:
Մանուկյանը նշեց, որ դեռ այդ ժամանակ կային ոչ պաշտոնական խոսակցություններ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստվերային քննարկումներ կան: Այդ ժամանակվա ԱԳ նախարար Արա Այվազյանն էլ ոչ թե հերքում է, ոչ էլ հաստատում է երկխոսության առկայությունը, այլ դրա վերաբերյալ հարցին պատասխանում է՝ ինձ նման երկխոսության մասին հայտնի չէ: Որևէ հիմնավորում, թե ինչու պետք է Մարգարայի կամրջից սկսած ճանապարհի վրա 2 մլրդ-ից ավելի գումար ծախսվի, չկա: Այդ հատվածը կույրաղիք հատված է համարվել 30 տարի»: