Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ վերջին տվյալներով՝ ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել 912 մարդ, իսկ 5385-ը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:
«Այսօր տեղի ժամանակով ժամը 04.17-ին տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր աղետն էր 1939 թվականի Երզնկայի երկրաշարժից հետո։ Ցավոք, 912 զոհի թիվը վերջնական չէ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նա վստահեցրել է, որ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար։ Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարային օգնության առաջարկներ արդեն ստացվել են աշխարհի 45 երկրներից, ինչպես նաև ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից։
Բազմաթիվ քաղաքներում ավերածություններ են տեղի ունեցել։ Թուրքիայի իշխանությունների հաղորդմամբ՝ երկրաշարժին հաջորդել է 22 հետցնցում, որոնցից վերջինի ուժգնությունը կազմել է ավելի քան 6 մագնիտուդ։ Հետցնցումներից ամենահզորի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ: