«Դիմադրություն» շարժումն ակցիաներ է իրականացնելու պետական գերատեսչությունների շենքերի մոտ։ Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ մոտ լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ ոստիկանությունը որոշեց հեռացնել մուտքի մոտից ակցիայի մասնակիցներին։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ցանկանում էին ներս մտնել և տեղեկանալ նախարարությունների աշխատակիցների դիրքորոշման մասին իրենց ներկայացրած հայանպաստ փաստաթղթի վերաբերյալ։ Ոստիկանության աշխատակիցները պնդեցին, որ ներս մտնելու համար նախ պետք է ստանալ տեսակացությունների թույլտվություն, ինչից հետո բախումներ և հրմշտոց սկսվեց։ Քաշքշոցի ընթացքում վատացավ տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը, նա ուշագնաց էր եղել, նրան հեռացրին դեպքի վայրից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այցելելու են պետական գերատեսչություններ, հասկանալու՝ ինչ դիրքորոշում ունեն նախարարության աշխատակիցները նախօրեին իրենց հրապարակած հայանպաստ փաստաթղթի վերաբերյալ, որտեղ նշվում է․
«Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու:
Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով:
Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը:
Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: