ԱՄՆ-ն մտադիր է քննարկել իրավիճակը Ուկրաինայի սահմանին և Իրանի շուրջ դիվանագիտական ջանքերը Ռուսաստանի հետ գագաթնաժողովի կայացման դեպքում, բայց գագաթնաժողովը դեռ հաստատված չէ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԱՄՆ նախագահի և նախագահ Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում քննարկումներ են եղել: Բայց ես այս պահին չունեմ նման հանդիպման ժամանակի կամ հաստատման վերաբերյալ որևէ նորություն»,-ասել է նա:
«Եթե հանդիպումը հաստատվի, ապա մենք կկարողանանք ավելին պատմել օրակարգի մասին: Այնուամենայնիվ, մեր խնդիրն այն է, որ կարողանանք շարժվել դեպի ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների, որում խոսենք մեր մտահոգությունների, այդ թվում`Ալեքսեյ Նավալնիի բանտարկության, Ուկրաինայի հետ սահմանին ռազմական ուժերի կուտակման մասին»,-ասել է Փսակին և հավելել.«Բայց մենք նաև տեսնում ենք ոլորտներ, որտեղ կարող ենք համագործակցել: Օրինակ`Իրանի հարցով դիվանագիտական ջանքերի շուրջ»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինին առաջարկել էր անձնական հանդիպում անցկացնել երրորդ երկրում ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններում կուտակված խնդիրները: Ավելի ուշ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պարզաբանել էր, որ խոսքը առաջիկա շաբաթների մասին է: