Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանին «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Սարգիս Խանդանյանը խնդրեց անդրադառնալ այս տարվա մարտ ամսին նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջադեպին, որի կապակցությամբ ՄԻՊ-ը հայտարարություն էր տարածել:
«Արդյո՞ք կարծում եք, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը բացարձակ է, չունի սահմանափակումներ, արդյո՞ք կարծում եք, որ ցանկացած պարագայում մարդը, որը լրագրողական գործունեությամբ է զբաղվում, իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը և արդյո՞ք այն թեման, հարցը, որով նախարարին մոտեցել էր լրագրողը, բխում էր լրագրողի մասնագիտական գործունեությունից և հանրությանը հետաքրքրություն ներկայացնող թեմա էր, որի համար այլ եղանակ չկար, քան այդ կերպ հարցը ձևակերպելը»,– հարցրեց պատգամավորը։
Արման Թաթոյանը հարցին հարցով պատասխանեց, թե այդ պահին լրագրողը չէ՞ր իրականացնում մասնագիտական գործունեություն: «Կամ օրինակ՝ ասենք լրագրող լինելն այնպիսի մասնագիտություն է, որ 6-ից հետո, կամ ընդմիջման ժամերին լրագրող չի, չէ չէ՞, լրագրող լինելը միշտ է աշխատանք, և լրագրողը մոտեցել է այդ պահին, հարցեր է տվել հանրային անձի, Կառավարության անդամին, իսկ դա հանրային հետաքրքրության առարկա է և հարցեր է տվել, ես դա համարում եմ լրագրողական մասնագիտական աշխատանք»,- ասաց նա:
Պատգամավորը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ պահին լրագրողը մասնագիտական գործունեություն չէր իրականացնում, քանի որ լրագրողը նախարարին հարցնում էր, թե ինչու եք դուք այստեղ այս ժամին ճաշում:
«Նշանակում է, որ հարցից կախված՝ լրագրող չէ՞, հիմա եթե լրագրողը մոտենա և ասի՝ Ձեր փողկապի գույնը ինչու է այդ գույն, դա լրագրող չէ՞»,- հարցրեց Արման Թաթոյանը, ինչին ի պատասխան պատգամավորը պնդեց, որ դա լրագրողական մասնագիտական գործունեություն չէ:
«Հայաստանում, ցավոք սրտի, լրագրողի մասնագիտական գործունեությունը դուրս է եկել մասնագիտության շրաջանակներից և, ցավոք սրտի, մեր երկրում, շատ մարդիկ, որ զբաղվում են լրագրությամբ, պաշտպանվում են լրագրությամբ և ոչ թե պաշտպանում են մասնագիտությունը»,- ասաց նա: