Արաբկիր 51 փողոցի շենքի տարածքը 4 կողմից խիտ կառուցապատված է, հարևանությամբ էլ նորն են կառուցում՝ 18 հարկանի, վստահեցնելով, թե պահպանվում են անհրաժեշտ ստանդարտները: Բայց ասֆալտի ճաքն արդեն աչք է ծակում: Այդ նոր շենքի կառուցման պատճառով փողոցներն այնքան են նեղացել, որ 2 մեքենա կողք կողքի այլևս չի տեղավորվում: Դրան գումարած՝ փոշի և աղմուկ: Իսկ երբ տարածքում աշխատում է տեխնիկա, բնակիչները երբեմն շփոթում են երկրաշարժի հետ:
Խաղալու տեղ չկա, փոխարենը չոր ասֆալտի վրա մի քանի մարզասարք կա: Այս բակի փոքրիկները ստիպված հյուրընկալվում են այլ բակերում, քանի որ, բացի նրանից, որ չկա խաղահրապարակ, չկա նաև վայր, որտեղ կարելի է պարզապես վազել, ֆուտբոլ ու պահմտոցի խաղալ: Ամբողջ տարածքում կամ շինարարություն է, կամ երթևեկելի փողոցներ:
Բնակիչներն իրենց խախտված իրավունքի համար պատրաստվում են դիմել պատկան մարմիններին՝ սկսած քաղաքապետից միչևև մարդու իրավունքների պաշտպան, վարչապետ ու նախագահ, բայց առանձնապես հույս էլ չունեն, որ խնդիրը կլուծվի:
Կառուցապատող ընկերության մասնագետներն էլ հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, միևնույն ժամանակ հայտնեցին՝ շենքը կառուցելու թույլտվություն կա, իսկ ինչ վերաբերում է հարցերին, թե՛ բնակիչները, թե՛ լրատվամիջոցները կարող են ուղղել գրավոր:
Մանրամասները՝ տեսանյությում