Իրանում սեփական հակակորոնավիրուսային պատվաստանյութի տեղական արտադրություն է սկսվել, որն ստացել է COVIRAN անվանումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ ներկա պահին պատվաստանյութը գտնվում է փորձարկման երրորդ փուլում, սակայն այն արդեն սկսել են ներարկել կամավորներին:
Իրանի կորոնավիրուսի հարցով գիտական խորհրդի ղեկավար Մոհամմադ Մոհբիրի խոսքով՝ նախատեսվում է մինչև սեպտեմբեր ավելի քան 30 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրել, որից մեկ մլն-ը՝ մայիսին, 3,5 մլն-ը՝ հունիսին, 12 մլն-ը՝ հուլիսին, 15 մլն-ը՝ օգոստոսին:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումները մարդկանց վրա սկսվել են դեկտեմբերի 29-ին, որից հետո հայտարարվել էր դրական արդյունքների մասին:
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 2.3 մլն-ը, մահացածներինը՝ 69 հազարը: