Գերմանական Volkswagen ընկերության ամերիկյան ստորաբաժանման անվանափոխության մասին լուրը կատակ է եղել: Նախօրեին լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ VW «դուստր» ընկերությունն ԱՄՆ-ում կանվանափոխվի Voltswagen of America:
Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, ընկերության ներկայացուցիչը պարզաբանել է, որ անվանափոխությունն «ապրիլմեկյան կատակ» է եղել` ուղղված էլեկտրամեքենաների արտադրության հարցով ընկերության մարտավարության առաջխաղացմանը: Անցյալ տարի կոնցեռնը Նյու Յորքում ներկայացրել էր իր առաջին ամբողջությամբ էլեկտրական ID.4 ամենագնացը:
Կոնցեռնի ներկայացուցչի խոսքով` կատակը լուրջ է ընդունվել, ինչը խառնաշփոթ է առաջացրել և բացասաբար է ազդել ընկերության արժեթղթերի վրա:
«Մենք չէինք ցանկանում մոլորեցնել ինչ-որ մեկին: Դա պարզապես մարքեթինգային ակցիա էր, որպեսզի ստիպենք մարդկանց խոսել ID.4 մոդելի մասին»,- ասել է Volkswagen-ի աշխատակիցը: