Թող իշխանական պատգամավորները և ուրիշ մարդիկ համեմատեն՝ ինչ գործ են անում իրենք և մենք, ինչ ծրագրերով ենք զբաղված անկախ պատգամավորներս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ անկախ պատգամավորները լեգիտիմ չեն:
«Ալեն Սիմոնյանը իրավաբան է և բառերը պետք է ճիշտ օգտագործի, որովհետև լեգիտիմությունը կոնկրետ իրավաբանական տերմին է, և մենք լեգիտիմ պատգամավորներ ենք, մենք ստացել ենք պատգամավորի մանդատ, երկրորդ՝ ես ընտրվել եմ ռեյտինգային ընտրակարգով և հավաքել եմ այնտեղ նստած շատ մարդկանցից եռակի-քառակի անգամ ավելի ձայն, այսինքն՝ իմ անվան դիմաց մարդիկ քվեարկել են»,- ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա նաև նշեց՝ բազմաթիվ կուսակցություններից առաջարկ է ստացել և կարծում է՝ որ կուսակցության մեջ էլ լինի, միևնույն է՝ նորից կընտրվի, բայց մեծ հարց է՝ արդյո՞ք ցանկանում է այս խորհրդարանում աշխատել:
«Բազմաթիվ կուսակցություններից ունեմ առաջարկ, որ կուսակցությունով էլ գնամ, պատգամավոր կդառնամ, բայց այլ հարց է, թե ես ընդհանրապես ուզո՞ւմ եմ պատգամավոր լինել այս զզվելի քաղաքական միջավայրում, այս թուրքատյաց (նկատի ունի թուրքասեր – Tert.am,) միջավայրում, որտեղ կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը և կասկածի տակ են դնում Քարվաճառի հայկական լինելը, արդյո՞ք ուզում եմ այստեղ աշխատել»,- նշեց նա:
Պատգամավորը նաև տեղեկացրեց՝ այս խորհրդարանը հայոց պատմության ամենաամոթալի էջը թողեց, քանի որ այս խորհրդարանի օրոք գործող իշխանությունը հանձնեց Արցախը:
«Հիմա խորհրդարանին ներկայացված է Արցախի ապագային վերաբերող հայտարարության նախագիծ, և թող իշխանականները հատ-հատ նստեն և կարդան, փորձեն հասկանալ՝ ինչ ենք մենք ուզում, բայց այսօրվա խորհրդարանը կհիշվի պատմության ամենախայտառակ էջում, որտեղ մենք՝ Արցախը հանձնող պառլամենտական երկրի խորհրդարան ենք»,- ասաց պատգամավորը: