Ես մեկ անգամ ԿԳՄՍ-ում եղել եմ խորհրդակցության, և այնտեղ մենք քննարկել ենք առաջիկայում նախատեսվող միջոցառումները՝ ապրիլի 24-ի հետ կապված: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հարություն Մարությանը:
«Այս տարի կլինեն միջոցառումներ, որոնք ավանդաբար եղել են, և նախապատրաստական փուլն արդեն իսկ մեկնարկել է: Այս տարի ժողովուրդը կկարողանա մասնակցել երթին»,- ասաց Հարություն Մարությանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարը նշեց՝ այսօրվա դրությամբ սպասվող միջոցառումների ցանկը դեռևս հստակեցված չէ:
Հիշեցնենք՝ նախորդ տարի, համավարակով պայմանավորված, Հայոց ցեղասպանության հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը:
Դեպի հուշահամալիր տանող ճանապարհները փակ են եղել մինչև ապրիլի 25-ը՝ ժամը 22:00: Քաղաքացիները կարողացել են միայն հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին, հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անուններն արտացոլվել են հուշահամալիրի սյուներին՝ այդպիսով քաղաքացիներն իրենց խորհրդանշական մասնակցությունն են ունեցել և հարգանքի տուրք մատուցել սուրբ նահատակների հիշատակին: