Հարավկորեական BTS խումբը դատապարտել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ աճող բռնությունը, աշխարհում ասիացիների նկատմամբ խտրականությունը և հարձակումները՝ կոչ անելով վերջ տալ ատելությանը, գրում է Insider-ը։
«Մենք դեմ ենք ռասայական խտրականությանը։ Մենք դատապարտում ենք բռնությունը։ Մենք, դուք և բոլորը արժանի են հարգանքի։ Մենք պետք է սատարենք միմյանց»,-ասված է «Գրեմմի» մրցանակի դափնեկիր խմբի թվիթերյան գրառման մեջ։
Խումբը նաև ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր բռնության հետևանքով կորցրել են իրենց սիրելիներին՝ հայտարարելով, որ «կիսում են նրանց կորստյան վիշտը և զայրույթը»։
«Մեզ առանց պատճառի հայհոյել են, ծաղրել են արտաքինի համար։ Մեզ նույնիսկ հարցրել են՝ ինչու ենք ասիացի լինելով հանդերձ անգլերեն խոսում։ Բառերով անհնար է նկարագրել այն ցավը, որ զգացել ենք։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին մեր սեփական ապրումներն էական չեն, սակայն այդ ապրումները բավական էին, որպեսզի մենք մեզ անզոր զգանք»,- հավելել է խումբը։
Նշենք, որ խմբի հայտարարությունը հրապարակվել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների դեմ բռնության ալիքի ֆոնին։
Օրերս ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի տարբեր շրջաններում մերսման սրահների վրա հարձակումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով զոհվել էր 8 մարդ։ Մերսման բոլոր սրահներում աշխատակիցների մեծ մասն ասիացիներ են եղել։
Դժբախտ պատահարի կապակցությամբ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ «ոչ մի կասկած չկա», որ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «ավերիչ հռետորաբանությունը հանգեցրել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ աճող սպառնալիքներին»։
«Կարծում եմ՝ կասկած չկա, որ նախորդ վարչակազմի ժամանակ մենք տեսել ենք կործանարար հռետորաբանություն, օրինակ՝ COVID-ն անվանում էին «չինական վիրուս» և այլն․ ադ ամենը հանգեցրել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ սխալ, անարդար վերաբերմունքին, ինչպես նաև մեծացել են նրանց նկատմամբ սպառնալիքները»,- ասել էր Փսակին։