Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել կառուցողական երկխոսություն սկսել ընդդիմության հետ՝ երկրում քաղաքական ճգնաժամի շուտափույթ լուծման նպատակով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք ևս մեկ անգամ հաստատում ենք կառուցողական երկխոսության մեր պատրաստակամությունը՝ ընդդիմության հետ համապատասխան համաձայնագրի շուտափույթ ձևակերպման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման մասնակիցները ևս մեկ անգամ ընդգծել են, որ բոլոր կողմերը պետք է առաջնորդվեն ժողովրդի և երկրի շահերով և քայլեր ձեռնարկեն փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և նրա ներկայացուցիչ Դանիելսոնին՝ քաղաքական ճգնաժամի լուծման հարցում օգնության համար, հավելել են մամուլի ծառայությունում։
Դանիելսոնը Թբիլիսի է ժամանել նախօրեին․ այս ամսվա ընթացքում սա Վրաստան նրա արդեն երկրորդ այցն է․ ավելի վաղ նա Վրաստան էր այցելել մարտի 12-19-ը: Դիվանագետն առանձին բանակցություններ էր վարել ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ։ Սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չէին եկել։
Վրաստանում արդեն հինգ ամիս է՝ շարունակվում է քաղաքական ճգնաժամը։ Անցյալ տարվա նոյեմբերին ընդդիմությունը հրաժարվել է ճանաչել աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ իշխանություններին մեղադրելով քվեարկության արդյունքները կեղծելու համար։ Մինչ այժմ իշխանության ընդդիմախոսների մեծ մասը հրաժարվում է աշխատել նոր խորհրդարանում։ Իրավիճակը սրվել է փետրվարի 23-ին, երբ ոստիկանությունը ձերբակալել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիային։ Ընդ որում, քաղաքական գործչի ձերբակալությունից հետո հրաժարական է տվել վարչապետ Գեորգի Գախարիան:
Փետրվարի 23-ից ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպում։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Մելիային և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։