Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ պաշտպանության նախարարի տեղակալների, զորքերի հրամանատարների, նախարարության գլխավոր վարչությունների հետ այսօր տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, գրում է minval.az-ը։
Նշվում է, որ խորհրդակցությանը տեսակապի միջոցով մասնակցել են նաև Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված միավորումների հրամանատարները, այդ թվում՝ պաշտոնատար այլ անձինք:
Հասանովը հանձնարարել է կենտրոնանալ զորամասերում ստորաբաժանումների անձնակազմի պատրաստվածության մակարդակի և մարտունակության բարձրացման, մասնավորապես՝ ԼՂ-ում իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում տեղակայված ստորաբաժանումներում վարժանքների և մարտական պատրաստության պարապմունքների որակի բարելավման վրա՝ հաշվի առնելով Արցախյան երկրորդ պատերազմի փորձը»։
«Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ տարածքներում ռազմական ենթակառուցվածքի զարգացման, ինժեներասակրավորական աշխատանքների և զորքերի ինժեներական ապահովման միջոցառումների անցկացման, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զգոնության բարձրացման, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովման և ստորաբաժանումների վերազինման հետագա բարելավման ուղղությամբ»,- հայտարարել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում: