Արցախի Հանրապետության Ազգային ժողովում երեկ որոշում ընդունվեց, որով ռուսերենը պաշտոնական լեզի կարգավիճակ ստացավ: Tert.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, պարզաբանեց, թե ինչու չի քվեարկել իր համահեղինակած «Լեզվի մասին» օրենքի նախագծին:
Հակոբյանը նշեց, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելն անհրաժեշտ էր՝ ելնելով ներկայիս իրողություններից, որում, իր համոզմամբ, հայտնվել ենք Հայաստանի և Արցախի ապիկար իշխանությունների պատճառով, սակայն իրեն հատկապես անհանգստացնում էր հոդվածի երկրորդ մասում նշված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն ու ռուսերենը», ձևակերպումը:
«Ես գրավոր առաջարկ էի արել, որ այլ ձևակերպմամբ խմբագրեն օրենքը, որն իրավաբանորեն նույնն է: Ես առաջարկում էի ձևակերպել հետևյալ կերպ՝ «ԼՂՀ-ի պաշտոնական լեզուն գրական հայերենն է և գրական հայերենի հետ մեկտեղ կարող է օգտագործվել ռուսերենը»: Ինձ համար անհասկանալի էր այն բուռն հակադարձումը, որը ստացա: Իրենց դիրքորոշումը քաղաքական էր, քանի որ ես ընդդիմադիր թևի ներկայացուցիչ եմ, իրենք վստահ լինելով, որ ձայների մեծամասնությամբ ցանկացած բան կարող են անել, այս անգամ ևս ականջալուր չեղան և մեջքով կանգնեցին ժողովրդին: Իմ ներկայացված ձևակերպմամբ հստակ երևում էր, որ ռուսաց լեզուն դառնում է պաշտոնական հարաբերությունները կարգավորող լեզու, որը և՛ հանրության, և՛ ռուսական կողմի համար ընդունելի էր»,- ընդգծեց նա:
Մետաքսե Հակոբյանի կարծիքով՝ պատշաճ հանրային քննարկումներ չեն կազմակերպվել, իսկ ներկայացրած հիմնավորումները եղել են իրար հակասող և ոչ համոզիչ:
Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ անհատների, կոլեկտիվների կողմից ստացել են առաջարկներ լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու մասին, սակայն ուսուցիչների, դասախոսների, մտավորականների զգալի մասը հակված էր իր առաջարկած տարբերակին:
Խոսելով օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին՝ Հակոբյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցում են ռազմական, տնտեսական, ենթակառուցվածքների, առողջապահական, սոցիալական և այլ ոլորտների շուրջ և անհրաժեշտ էր, որ աշխատանքային հարաբերությունները բերվեին օրինական դաշտ։
«Ես՝ որպես օրենսդիր մարմնի անդամ և քաղաքացի, ողջունել եմ նման նախաձեռնությունը և ներգրավվել աշխատանքային խմբում: Այսօր Արցախում բնակվողը գիտակցում է, որ մենք ռուս խաղաղապահների հետ մի տանիքի տակ ենք ապրում: Այս օրենքի ընդունումը որևէ կերպ չի առնչվում հասարակության լայն շերտերին, եթե քաղաքացին ցանկանա դիմել ռուսական կողմին, դիմելու ձևը, օրենքով պետք է կարգավորվի: Նախկին օրենքով քաղաքացին կամ պաշտոնական անձիք չէին կարող ռուսերեն գրել, որպեսզի տեխնիկական խնդիրներ չլինեին պետք է արվեր այս փոփոխությունը»:
Հարցին, թե օրենքի փոփոխությանը հետևելո՞ւ է այլ գործընթացներ, օրինակ՝ դպրոցներում ռուսաց լեզվի ավել դասաժամեր հատկացնել և այլ գործընթացներ, Հակոբյանը նշեց, որ օրենքը չի նախատեսում կրթության կամ այլ բնագավառում փոփոխություններ կատարել, այն միայն գործավարական գործողություններ իրականացնելու համար է:
Հակոբյանի փոխանցմամբ քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որից 27-ը կողմ են քվեարկել, երկուսը՝ ձեռնպահ են մնացել: Հակոբյանը նախապես հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, և դուրս եկել համահեղինակների անունից: