Ադրբեջանի ներկայիս հռետորաբանության և վարած քաղաքականության պարագայում բարիդրացիության և համակեցության մասին խոսելն ուղղակի աբսուրդային է: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:
«Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին ավերելն ընդամենը օրինակներից մեկն է: Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ են եղել դեպքերը՝ բավական է ուշադրություն դարձնել Շուշիում «Կանաչ ժամի» ավերմանը, Հադրութի հայկական եկեղեցում Ալիևի արած հայտարարություններին, թե իբր հայկական գրությունները կեղծ են, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած եկեղեցիներից խաչերը հանելուն կամ դրանք ուդիներին հանձնելուն: Ադրբեջանի իշխանությունը հետևողականորեն հայկական ամբողջ ժառանգությունը ոչնչացնում է»,- ասել է նա:
Այդ գործողություններն ուղեկցվում են նաև տեղեկատվական արշավով: «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սկսեց թվիվերյան գրառումներ կատարել, որ հայերն իրավունք չունեն որևէ դժգոհություն հայտնել, հայերն են ադրբեջանական ժառանգությունը ոչնչացնում և այլն: Եվ հետաքրքիր պատահականությամբ նույն օրն ադրբեջանցի մշակութային գործիչները դիմեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ թե Հայաստանի տարածքում Ադրբեջանի ժառանգությունը վերացվել է»,- նշել է Կարապետյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ, սա հետևողական քաղաքականություն է տեղում ոչնչացնելու հայկականը և տեղեկատվական դաշտում էլ պայքարելու, փորձելու այնպիսի ֆոն ստեղծել, որպեսզի միջազգային հանրությունը հերթական անգամ բալանսավորված, չեզոք դիրքորոշումներով հանդես գա, երկու կողմերին ուղղված կոչեր անի և այլն: «Սա մաս է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության»,- ընդգծում է Աննա Կարապետյանը:
Նրա դիտարկմամբ, այս ամենի ներքո ընդհանրապես այսօր տեղին չէ խոսել Ադրբեջանի կողմից խաղաղության պատրաստվելու, բարիդրացիություն կառուցելու մասին: «Ադրբեջանն այսօր գերիներին չի վարադարձնում: Ինչի՞ մասին է խոսքը: Այն պարագայում, որ դա կարևորագույն հումանիտար խնդիր է, և կա հստակ պայմանավորվածություն, կա միջազգային ճնշում»,- ասել է փորձագետը:
«Ադրբեջանն այսօր որևէ քայլ ընդառաջ Հայաստանին, որևէ բարի կամքի ժեստ չի կատարում: Այս համատեքստում էլ ավելի աբսուրդային և անհասկանալի են դառնում Հայաստանից հնչող ազդակները, Հայաստանի կողմից տարվող քաղաքականությունը, այդ քարոզը, որ մենք պետք է միասին ապրենք, պետք է թշնամանք չունենանք, չհասկանալը, թե երբ է սկսվել այդ թշնամանքը հայերի և ադրբեջանցիների միջև»,- ասել է Աննա Կարապետյանը:
Նա ընդգծել է. «Խոսքն այն մասին չէ, որ մենք պետք է մշտապես ատենք իրար, կամ որ ատելը և թշնամանքը նորմալ է: Բայց ցանկացած քաղաքականություն պետք է լինի համազոր և սիմետրիկ: Հնարավոր չէ պատրաստվել խաղաղության և սիրել թշնամուն, երբ թշնամին ամեն օր նոր քայլեր է կատարում քո դեմ, սպառնում է, քո դեմ զենք է կիրառում, ոչնչացնում է քո բնակավայրերը, գրավում պատմական տարածքներդ ու սկսում այնտեղ քո պատմական ժառանգությունը ոչնչացնել, փորձում է վերացնել քո հետքը»:
Մանրամասները տեսանյութում: