31-ամյա չինացի Քսիաո Շենգն իր ապրուստն ապահովում է ամուսնացած տղամարդկանց և նրանց սիրուհիներին իրարից բաժանելով, գրում է odditycentral.com-ը:
Մասնավորապես, «հոգեհուզական խորհրդատուն», որն արդեն 6 տարի է՝ զբաղվում սեփական յուրօրինակ բիզնեսով, յուրաքանչյուր հաճախորդից միջինում 23 000 ԱՄՆ դոլար է պահանջում՝ աշխատանքն ավարտին հասցնելու համար:
Շենգն անգամ իր սեփական գործակալությունն ունի, որը 8 հիմնական աշխատող ունի: Բացի այդ, կան դերասաններ և այլ մարդիկ, որոնց հետ չինացին համագործակցում է հարկ եղած դեպքում:
Վերջերս տեղական լրատավամիջոցներից մեկին տված հարցազրույցում Շենգը պատմել է իր հաճախորդների մասին: Որպես օրինակ նա բերել է իր վերջին աշխատանքներից մեկը, որի շնորհիվ ամուսինը բաժանվել է իր սիրուհուց և վերադարձել է կնոջ մոտ:
«Ինձ վարձել էր մի կին, որի ամուսինը նրան դավաճանում էր ավելի երիտասարդ աղջկա հետ: Հարցը լուծելու համար մենք ամուսինների համար 10-օրյա ճամփորդություն էինք կազմակերպել, որի ընթացքում տղամարդուն ուղարկել էինք նամակ՝ զգուշացնելով նրան հնարավորինս շուտ բաժանվել իր սիրուհուց, քանի որ նա նոր զուգընկեր ունի: Որպես ապացույց՝ մենք նույնիսկ լուսանկարներ էինք կցել»,- ասել է Շենգը և հավելել, որ գործողության արդյունքում ամուսինը ներողություն է խնդրել կնոջից և վերադարձել ընտանիք:
Մինչ օրս տղամարդը տեղյակ չէ, որ ծրարն իրեն ուղարկել էր Շենգի գործակալությունը: Կինն այս ամենի համար վճարել էր մոտ 30 000 ԱՄՆ դոլար:
Հարցազրույցի ընթացքում, այնուամենայնիվ, չինացի գործարարն ընդգծել է, որ պայմանագիրը կնքելիս ինքը որևէ երաշխիք չի տալիս հաճախորդին, քանի որ «անկառավարելի գործոններ միշտ լինում են»: