Վարչական դատարանը հետ է ուղարկել Օնիկ Գասպարյանի հայցը և դատավորը այն մակագրել է՝ որպես սխալ հայցադիմում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:
«Վարչական դատարան ներկայացվել է երկու հայցադիմում երկու տարբեր պահանջներով, մի հայցը եղել է անվավեր ճանաչելու պահանջով, 2-րդը՝ առոչինչ ճանաչելու պահանջով:Երկու հայցադիմումները մակագրվել են մեկ դատավորի կողմից և երկուսում էլ դատավորը արտահայտել է միևնույն դիրքորոշումը՝ գտնելով, որ երկու հայցատեսակն էլ սխալ է»,- ասաց Լիանա Հակոբյանը:
Նշենք, որ՝ ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով առոչինչ ճանաչել իրավունքի ուժով ընդունված ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը:
Դատավորը նաև մեկնաբանեց՝ երկու հայցադիմումներից մեկի առնչությամբ կողմը համաձայնվել է դատարանի մատնանշմանը և շտկել հայցատեսակը և կրկին ներկայացրել է հայցադիմում:
Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ մակագրվել է 3-րդ հայցադիմումը և մատնանշվել նույն հայցատեսակը:
«Արդյունքում ունենք մեկ գործ՝ վարույթը ընդունված այն հայցատեսակով, որը մատնանշել է դատավորը, իսկ այն երկուսի վերաբերյալ ես այս պահին բողոք չեմ տեսել, բայց ըստ մամուլում տարածված լուրերի՝ երկուսն էլ ցանկանում են վերաքննիչ դատարան ներկայացնել»,- մեկնաբանեց դատավորը:
Վարչական դատարանի դատավորը նաև նշեց՝ իշխանության կողմից որևէ ճնշում չկա, և դատավորին ճնշելը անօրինականություն է:
«Ցանկացած ճնշում դատավորի նկատմամբ բնականաբար անօրինական վարքագիծ է:Եթե դատավորը ունի ներքին անկախություն և կարող է իր մեջ ուժ գտնել անկախ աշխատելու, ապա կարծում եմ՝ որևէ լծակ,և որևէ իշխանություն չի կարող դատավորի վրա ճնշում գործադրել»,- ասաց նա:
Լիանա Հակոբյանը նաև անդրադարձավ դատական օրենսգրքի վերջին փոփոխություններին ըստ որոնց ավելացել է 2 դրույթ՝ քաղաքացին ուղիղ կարող է դիմել ԲԴԽ բողոքելով դատավորից և մինչդատական փուլում գտնվող գործերի դեպքում առավել մասնագիտացված դատավորի պետք է փոխանցվի գործը:
«Հորդորում եմ իրավասու անձանց ՍԴ-ում բարձրացնել այդ օրինագծի սահմանադրականության հարցը»,-ասաց նա: