Ճապոնիայի Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում այսօր մեկնարկել է Օլիմպիական ջահի փոխանցումավազքը:
Այս մասին գրում է tokyo2020.org-ը, նշելով՝ միջոցառումը հեռարձակվում է Օլիմպիական խաղերի յութուբյան պաշտոնական ալիքում:
Էստաֆետը սկսվել է J-Village ֆուտբոլային ուսումնական կենտրոնի տարածքից: 121 օրվա ընթացքում ջահը կտեղափոխվի Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներով:
Նշվում է, որ արարողությունը սկսվել է Երևանի ժամանակով04:40-ին: Դրա ընթացքում բեմում ելույթ են ունեցել սամուրայներ, թմբկահարներ և պարողներ:
Ապա բեմ է դուրս բերվել Հունաստանից բերված Օլիմպիական կրակը: Էստաֆետին մասնակցող մոտ 10 000 վազորդներից առաջինը 34-ամյա ֆուտբոլիստ Ազուսա Իվաշիմիզուն է, որը Ճապոնիայի հավաքականում խաղացել է 2006-ից 2016 թվականներին:
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կանցկացվեն այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Նախկինում Խաղերը հետաձգվել էին մեկ տարով՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Նշենք՝ COVID-19-ի պատճառով Խաղերի կազմկոմիտեն որոշել է մրցույթն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի: