«Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ահազանգում է, որ մի շարք գործողություններ են իրականացվում ընդդեմ հայ ազգի, իսկ այն ինստիտուտները, որոնք դիմադրություն են ցույց տալիս, թուլացնում են:
- Այդ ինստիտուտներից են բանակը, եկեղեցին և ընտանիքը: Նախորդ երեք տարիների ընթացքում այս երեք ինստիտուտների նկատմամբ կոնկրետ թիրախավորումներ են եղել: Հիշեք Ստամբուլյան կոնվենցիան, ընտանեկան բռնության օրինագիծը, որտեղ փորձում էին «ընտանիք» հասկացության մեջ ներառել «զուգընկեր» հասկացությունը, Լանզարոտեի կոնվենցիան, որը վավերացվեց: Հիշեք եկեղեցու նկատմամբ ճնշումները՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը: Մեթոդը շատ պարզ էր՝ իրենք ընտրում էին հոգևորականին, թիրախավորում էին անձին, բայց արդյունքում վարկաբեկում էին ինստիտուտը: Նույնը տեղի է ունենում բանակի նկատմամբ:
Ընդ որում՝ այդ ճնշումներն այս պահին էլ շարունակվում են: Երբ ազգին ուզում են թուլացնել, սկզբից պառակտում են նրան: Հիշեք սևեր-սպիտակները: Եվ այսօր էլ փորձ է արվում պառակտում մտցնել հասարակության մեջ: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին չտրվել դրան և նույնպես չօգնել պառակտմանը: Այն քաղաքացիներին, ովքեր այս պահին դեռևս մոլորության մեջ են, իրենց չանվանել «ժեխ»: Իրենք մեր հայրենակիցներն են: Իսկ պառակտմանը մասնակցելով՝ ավելի ենք խորացնում այն: Ազգը թուլացնելու համար, բնականաբար, ստեղծում են նաև քաոս, որովհետև դրա հակառակը կարգուկանոնն է: Մենք այսօր տեսնում ենք, որ պետական գրեթե բոլոր ինստիտուտներում քաոս է տիրում: Այս քաոսը նաև օգնեց, որ Ադրբեջանը առավելություն ստացավ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: